1 րոպեի ընթերցում
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում ցանկացած առաջընթաց կախված է Իրանի ներկայացրած յոթ պայմանների ընդունումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Իրանի պայմանները բազմիցս և հստակ ներկայացվել են միջնորդներին։ Իրանի վրա չի ազդում ճնշման և խրախուսման վրա հիմնված մոտեցումը։ Բանակցություններում առաջընթաց հնարավոր կլինի միայն Իրանի յոթ պայմանների ընդունման դեպքում», - գրել է նա։
Ըստ տարբեր հրապարակումների՝ Իրանի կողմից պատերազմի դադարեցման համար առաջադրված յոթ պայմաններից են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, ԱՄՆ տնտեսական ու նավթային պատժամիջոցների չեղարկումը, սառեցված ակտիվների ապասառեցումը, ծովային շրջափակման վերացումը, պատերազմական վնասների փոխհատուցումը, ներքին գործերին ամերիկյան միջամտության դադարեցումը և Հորմուզի նեղուցում Իրանի անվտանգային դերի և վերահսկողության ճանաչումը։