Տեղի ունեցածի առաջին պատասխանատուն հենց դուք եք, դուք եք սկսել այս ծեծկռտուքը. Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում խոշոր ծեծկռտուքից հետո նիստը վերսկսվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ելույթով անդրադարձել է պատգամավորների միջև բախմանը։
«Ընդմիջման ընթացքում դիտել եմ բոլոր կադրերը, ուշադիր լսել եմ Տարոն Չախոյանի ելույթը, որում գեթ մեկ վիրավորական արտահայտություն չեմ արձանագրել։ Պարոն Նարեկ Կարապետյան, չե՛ք կառավարել ձեր էմոցիաները, տեղից վիրավորական արտահայտություններ եք հնչեցրել, իսկ հետո վեր եք կացել՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին։ Հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին։ Պարոն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի առաջին պատասխանատուն հենց դուք եք։ Դուք եք սկսել այս ծեծկռտուքը՝ միջամտելով պատգամավորի ելույթին»,- ասել է ԱԺ խոսնակը։
Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ընթացքում մտքերի փոխանակման շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ խորհրդարանում իրավիճակը կտրուկ լարվել է։
Չախոյանն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին հիշեցրել է, որ վերջինիս հորեղբոր որդին դեռևս ներողություն չի խնդրել խորհրդարանական ընտրություններից առաջ արած այն հայտարարության համար, թե իշխանության գալու դեպքում մտադիր են կանանց բավարարելու համար առանձին նախարարություն հիմնել։
Նարեկ Կարապետյանը տեղից սկսել է խոսել, իսկ հետո մոտեցել է ամբիոնին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։