Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով
10 րոպեի ընթերցում
Երևանում կայացավ «Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի» 2025 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը` նվիրված «Մատչելի և մաքուր էներգիա» թեմային։
Միջոցառումն անցկացվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո և Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) տնօրենների խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորությամբ։ Մրցանակաբաշխության նպատակն է արժևորել կայուն մարդկային զարգացմանը, մաքուր էներգիայի հասանելիության ընդլայնմանը և համայնքների կենսապայմանների բարելավմանն ուղղված նորարարական ծրագրերը։
Միջոցառմանը մասնակցեցին AGFUND-ի տնօրենների խորհրդի և մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, Նորին Արքայական Բարձրություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը, Նորին Մեծություն Իսպանիայի թագուհի Սոֆիան (մրցանակաբաշխության կոմիտեի անդամ), ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորեց միջոցառման անցկացումը Հայաստանում հատկապես այս օրերին, երբ Երևանում ընթանում է կենսաբազմազանության COP17 միջազգային համաժողովը։
Սաուդյան Արաբիայի Նորին Արքայական Բարձրություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն իր ելույում նշեց, որ աշխարհն այսօր բախվում է արտակարգ մարտահրավերների։ Հակամարտությունները, անկայունությունն ու հումանիտար ճգնաժամը շարունակում են կործանարար ազդեցություն ունենալ միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։
«2026 թվականի սկզբից ի վեր՝ թե՛ Արաբական թերակղզու պետությունները, թե՛ Ծոցի երկրները բախվել են իրենց տարածքներում իրականացված լուրջ հարձակումների։ Սաուդյան Արաբիան շարունակում է առերեսվել դրան մինչ օրս։ Այնուամենայնիվ, չնայած այդ հանգամանքներին, Ծոցի երկրները հավատարիմ են զարգացման և ներդրումների խթանման ուղուն՝ թե՛ սեփական ժողովրդի, թե՛ աշխարհի տարբեր ազգերի համար։ Տասնամյակների ընթացքում մեր երկրները հիմնել են ինստիտուտներ, ընդլայնել հնարավորությունները և աջակցել զարգացմանը նաև իրենց սահմաններից շատ ավելի հեռու»,- ասաց Սաուդյան Արաբիայի արքայազնը։
Նա հավելեց, որ մարդկության ապագայի հանդեպ հանձնառությունը չի ավարտվում իրենց սահմաններով և չի դադարում այն ժամանակ, երբ վտանգվում է սեփական անվտանգությունը։
«Մենք վճռական ենք մեր ժողովուրդների համար ավելի լավ ապագա կերտելու հարցում՝ նպատակների իրագործման և հնարավորությունների ստեղծման ճանապարհին կանգնելով ուրիշների կողքին։ Զարգացումը չի կարող սպասել, մինչև աշխարհը խաղաղ կդառնա։ Համագործակցության և մարդկանց առաջընթացի մեջ ներդրումներ կատարելու միջոցով մենք կստեղծենք կայուն խաղաղության համար անհրաժեշտ պայմաններ։ Հանգամանքները կարող են փոխվել, սակայն մեր պատասխանատվությունը՝ ոչ։ Եվ ահա թե ինչու ենք մենք այստեղ՝ Հայաստանում։ Մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որի պատմությունը, մշակույթն ու կայունությունը հարգանք են վայելում նրա սահմաններից շատ ավելի հեռու։ Հայաստանն աշխարհին է պարգևել նշանավոր բանաստեղծների և մտածողների»,- ասաց Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։
Ըստ նրա՝ ընդունված էր համարել, որ մարդու անձնական ժառանգությունը որոշվում է ոչ թե խոսքերով կամ ցանկություններով, այլ նրանով, թե ինչ է նա կառուցում ուրիշների համար և ինչ հնարավորություններ է թողնում իրենից հետո։ Նա ընդգծեց, որ Արքայազն Թալալի համար դա պարզապես համոզմունք չէր, այլ՝ իմաստալից կյանքի առաջնորդող սկզբունք։ Վերջինս այդ համոզմունքը վերածեց հաստատությունների, որոնք շարունակում են ծառայել մարդկանց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արաբական ծոցի զարգացման ծրագրի միջոցով։
«Առաքելությունը մնացել է նույնը՝ ճանաչել զարգացման ոլորտում ձեռք բերված հաջողությունները, առաջադեմ գաղափարները վերածել կայուն լուծումների և ընդլայնել դրանց ազդեցությունը՝ ընդգրկելով տարբեր համայնքներ ու սերունդներ։ Իր հիմնադրումից ի վեր՝ մրցանակաբաշխության շրջանակում ներկայացվել է 2299 նախագիծ, իսկ հաղթող է ճանաչվել 95 մասնակից։ Այն մոբիլիզացրել է ավելի քան 14 միլիոն դոլար և աջակցել տասնյակ երկրներում զարգացման 81 նախագծերի լայնածավալ իրականացմանը։ Այս ձեռքբերումները նշանակում են ստեղծված նոր հնարավորություններ, բարելավված կենսապայմաններ և հզորացված համայնքներ։ Այդ նախագծերը լուծում են տարբեր մարտահրավերներ, սակայն դրանք ունեն մեկ ընդհանուր կարևոր հատկանիշ. դրանք առաջարկում են գործնական լուծումներ, որոնք կարող են բարելավել կյանքը և հարմարեցվել՝ ամենուր օգտագործելու համար»,- ասաց Սաուդյան Արաբիայի արքայազնը:
Նրա համոզմամբ՝ մարդկանց նվաճումները ցույց են տալիս, որ գիտելիքների, լուծումների և ճիշտ աջակցության համադրումը հաջողության գրավականն է: Նրա պնդմամբ՝ աշխարհի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են միահամուռ ջանքեր, որպեսզի համատեղ ձգտումները վերածվեն այնպիսի արդյունքների, որոնք կբարելավեն մարդկանց կյանքը: Տվյալ մոտեցումը ապագայում ևս կշարունակի ուղղորդել նշված ծրագրի հեղինակներին:
Արարողության ընթացքում մեծարվեցին 2025 թվականի հաղթող ճանաչված կազմակերպություններն ու անհատները։ Կազմակերպիչների խոսքով՝ Երևանը մրցանակաբաշխությունը հյուրընկալող քաղաք է ընտրվել՝ հաշվի առնելով նույն ժամանակահատվածում COP17 համաժողովի անցկացումը։ Այս համընկնումն ընդգծում է մրցանակի թեմայի և շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերի սերտ կապը՝ շեշտադրելով նորարար լուծումների դերը մարդկանց կյանքի որակի բարելավման և բնական պաշարների պահպանման գործում։
Արարողության ժամանակ պարգևատրվեցին մաքուր էներգետիկայի և մարդկային զարգացման ոլորտում նորարար լուծումներ առաջարկած չորս նախագծեր։ Այդ ծրագրերն ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝ կլիմայակայուն ջրամատակարարման համակարգեր, պարենային անվտանգություն և կենսապահովման կայուն միջոցներ, թափոններից կենսավառելիքի ստացման տեխնոլոգիաներ, ինչպես նաև արևային էներգիայով աշխատող ոռոգման ծառայություններ փոքր ֆերմերային տնտեսությունների համար։ Այս նախաձեռնություններն ակնառու կերպով ցույց են տալիս, թե ինչպես մաքուր էներգիայի հասանելիությունը կարող է նպաստել առաջնային կարիքների բավարարմանը, ընդլայնել արտադրական հնարավորությունները և բարձրացնել տեղական համայնքների կյանքի որակը։
Առաջին մրցանակին (400 000 դոլար) արժանացավ Մյանմայում մշակված և կիրառված նախաձեռնությունը, որի շնորհիվ՝ կիմայական փոփոխությունների պայմաններում խթանվում է դիմակայուն, համայնքների կողմից կառավարվող ջրամատակարարումն արևային էներգիայով աշխատող պոմպերի և խողովակաշարերի միջոցով։
Երկրորդ մրցանակին (300 000 դոլար) արժանացավ Քենիայում և Սոմալիում իրականացված նախաձեռնությունը, որի շնորհիվ ավելի արդյունավետ է դառնում պարենային անվտանգության համայնքահեն կառավարումը։
Երրորդ մրցանակին (200 000 դոլար) արժանացավ Նիգերիայում կյանքի կոչված նախաձեռնությունը, որի շնորհիվ արհեստական բանականությամբ են աշխատում կենսագազային կայանները, որոնք գյուղատնտեսական և սննդային թափոնները վերածում են մաքուր վառելիքային գազի և էլեկտրաէներգիայի։
Չորրորդ մրցանակին (100 000 դոլար) արժանացավ Հնդկաստանում մշակված և իրականացված նախաձեռնությունը, որի շնորհիվ գյուղատնտեսության մեջ ոռոգման համակարգի էֆեկտիվությունը բարձրանում է մի քանի անգամ։
Արքայազն Թալալի անվան մրցանակը հիմնադրվել է 1999 թվականին՝ որպես Մարդկային զարգացման առաջատար ծրագրերի AGFUND-ի միջազգային մրցանակ։ Այն հիմնված է մարդկանց մեջ ներդրումներ կատարելու, ինչպես նաև աղքատության և սոցիալական բացառման հաղթահարման գործում նորարարությունը խրախուսելու տեսլականի վրա։ Հետագայում այն վերանվանվել է AGFUND-ի հիմնադիր արքայազն Թալալ բին Աբդուլազիզի պատվին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա մարդասիրական ժառանգությանն ու մարդկային զարգացման գործում ունեցած ներդրմանը։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար և բաշխվում է չորս անվանակարգերում՝ գնահատելով ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ազգային մակարդակի հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, սոցիալական ձեռնարկությունների և անհատների իրականացրած ծրագրերը։ Այս բազմազանությունը թույլ է տալիս տեսանելի դարձնել զարգացման տարբեր մոտեցումներն ու նպաստել հաջողված լուծումների տարածմանը։
2017 թվականից ի վեր մրցանակի թեմաները համապատասխանեցվում են ՄԱԿ-ի մինչև 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգին։ Յուրաքանչյուր մրցանակային փուլում կոմիտեն ընտրում է ԿԶՆ-ներից որևէ մեկին առնչվող թեմա՝ ուշադրության կենտրոնում պահելով գործնական այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են այդ նպատակների իրագործմանը։ Շարունակելով այս մոտեցումը՝ հաջորդ մրցանակային շրջանը նվիրված է լինելու «Առողջություն և բարեկեցություն» թեմային՝ գնահատելով բոլոր տարիքի մարդկանց համար առողջ կյանք ապահովող և բարեկեցությունը խթանող ծրագրերը։