ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը
1 րոպեի ընթերցում
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական ապրանքների նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների մասին կարգավորման ընդունման միջոցով ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ հնարավոր քայլերի, Հայաստանի ներգրավվածությամբ և Խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին։