3 րոպեի ընթերցում
Մեկնարկել են երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնելու է երգչի կյանքի՝ հանրությանը քիչ հայտնի էջերը՝ անդրադառնալով նրա անցած ճանապարհին, հաջողության գնին և հայրենիքը թողնելու բարդ որոշմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Կինոդարանի»-ից, ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2027 թվականի փետրվարի 4-ին:
«Ֆիլմի ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն ճանաչված արտիստին, այլև բեմից դուրս ապրող մարդուն՝ իր մտահոգություններով, պատասխանատվությամբ և կյանքի շրջադարձային ընտրություններով։
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Արամ Ասատրյանի կյանքի տարբեր ժամանակահատվածներում՝ անդրադառնալով նրա մանկությանը, ընտանիքի սոցիալական դժվարություններին, երաժշտական ճանապարհին և 1990-ականների Հայաստանի իրականությանը։ Պատմության առանցքային թեմաներից է հայրենիքը լքելու որոշումը՝ մի ընտրություն, որի առջև տարբեր ժամանակներում կանգնել են հազարավոր հայ ընտանիքներ։
Ֆիլմը փորձ է ճանաչված երաժշտի անձնական պատմության միջոցով խոսելու նաև ավելի լայն՝ համամարդկային հարցերի մասին։ Ի՞նչ է նշանակում թողնել տունը, հարազատ միջավայրն ու տարիների ընթացքում կառուցած կյանքը։ Որքա՞ն հեռու կարող է գնալ մարդն իր ընտանիքի ապագան ապահովելու համար, և ի՞նչ գին ունի հաջողությունը, երբ դրա ճանապարհին ստիպված ես հեռանալ հայրենիքից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆիլմի դերասանական կազմի, նկարահանման ընթացքի և պրեմիերայի մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում։
«Կինոդարան»-ի նոր կինոնախագծի պրոդյուսերը Ռաֆայել Թադևոսյանն է, որի պրոդյուսերական աշխատանքների շարքում են հանդիսատեսին հայտնի «Սուրբը», «84-ի ամառը», «11», «Շախմատիստը» և «Ռաունդ» սերիալները։ Ֆիլմի ռեժիսորն Արամ Շահբազյանն է, որը հանդիսատեսին հայտնի է «Մի՛ վախեցիր», «Սուրբը 2», «Չնչիկ» և «Մոսկվիչ, իմ սեր» նախագծերով։ Շահբազյանի ռեժիսորական աշխատանքների թվում է նաև միջազգային կինոփառատոներում մրցանակների արժանացած «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։