«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի
3 րոպեի ընթերցում
«ՍիմֆոնիկA» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ 8 բնակավայրերում իրականացվել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» կրթական ծրագիրը՝ համախմբելով 9 մանկապարտեզի ավելի քան 400 երեխայի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բերդ քաղաքի և հարակից գյուղերի մանկապարտեզների սաների համար ծրագիրը հնարավորություն է ստեղծել անմիջականորեն հաղորդակցվելու դասական երաժշտությանը, ծանոթանալու սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական գործիքներին և բացահայտելու դրանց հնչողությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ երեխաները հայտնվել են «Ծիտոշ անունով ճնճղուկը» երաժշտական հեքիաթի աշխարհում, որտեղ պատմությունը, կենդանի երաժշտությունն ու ինտերակտիվ խաղերը միավորվել են մեկ կրթական փորձառության մեջ։
Փոքրիկները ոչ միայն լսել են երաժշտությունը, այլև ակտիվորեն մասնակցել են ներկայացմանը՝ ճանաչելով գործիքները, բացահայտելով տարբեր հնչյուններ և արտահայտելով իրենց հույզերն ու տպավորությունները։
Ծրագրի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաներին՝ անկախ նրանց բնակության վայրից, միաժամանակ երաժշտության միջոցով նպաստելով վաղ մանկական տարիքում լսելու, կենտրոնանալու, հուզական ընկալման և երևակայության զարգացմանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է դրա երկարաժամկետ ազդեցության ապահովումը։ Մասնակից մանկապարտեզների դաստիարակներին փոխանցվել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը մշակվել է «Սիմֆոնիկ ԴասA»-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։ Ձեռնարկը դաստիարակներին հնարավորություն է տալիս երաժշտական կրթության տարրերը ներառել մանկապարտեզների առօրյա գործունեության մեջ՝ շարունակելով երեխաների ծանոթությունը դասական երաժշտությանը նաև ծրագրի ավարտից հետո։
Տավուշում ծրագրի իրականացումը ևս մեկ քայլ է «Սիմֆոնիկ ԴասA»-ի՝ դասական երաժշտության կրթությունը Հայաստանի նախադպրոցական կրթական համակարգում հասանելի և շարունակական դարձնելու երկարաժամկետ նպատակի ուղղությամբ։