Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից առաջ բաց մարզում անցկացրեց:

«Հավաքականում միշտ էլ վնասվածք ունեցող ըմբիշներ լինում են, սակայն այս պահի դրությամբ այդ վնասվածքները չպետք է խանգարեն մեզ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Բոլորը, ովքեր մասնակցում են այս աշխարհի առաջնությանը, պատրաստ են մրցակցությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: 

Վերջինիս խոսքով` թիմն աշխարհի առաջիկա առաջնությանը նախապատրաստվել է 4 փուլերով ու մի շարք ուսումնամարզական հավաքների միջոցով: 

«Մարզիկներն այժմ լավ մարզավիճակում են: Ինչպես ավելի վաղ էի ասել, այժմ էլ սերնդափոխություն է կատարվում հավաքականում, ինչը նորմալ է»,-առանձնացրեց մասնագետը: 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը՝ 55 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 60 կգ, Կարեն Ասլանյանը՝ 63 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Աշոտ Խաչատրյանը՝ 72 կգ, Մալխաս Ամոյանը՝ 77 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 82 կգ, Գևորգ Թադևոսյանը՝ 87 կգ, Հայկ Խլոյանը՝ 97 կգ, Ռազմիկ Քուրդյանը՝ 130 կգ:

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:     

Հայերեն