2 րոպեի ընթերցում
Պակիստանի Փեշավար քաղաքի «Ալ Խաիր» մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան DAWN պարբերականը։
«Լեդի Ռեդինգ» հիվանդանոցի խոսնակ Մուհամեդ Ասիմը հայտնել է, որ զոհերից 27-ն աշակերտ են, մեկը՝ ուսուցչուհի։ Եվս 19 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ հիվանդանոցի խոսնակը հայտնել էր, որ տուժածներից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա հավելել էր, որ հիվանդանոցում արտակարգ դրություն է հայտարարվել։
Փեշավարի վարչական ղեկավարի տեղակալ Աֆակ Վազիրը հաստատել է, որ փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
«Փրկարարական խմբերը մաքրել են բոլոր փլատակները, և դեպքի վայրում այլևս վիրավոր երեխաներ չկան», - ասել է նա։
Նրա գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջադեպի պահին աշակերտները գտնվել են դասասենյակներում։
Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ վարչապետ Շեհբազ Շարիֆը «լրջորեն է արձագանքել» տեղի ունեցածին։ Նա նաև X սոցիալական հարթակում գրառման միջոցով ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։
«Մեր երեխաները մեր ամենաթանկ հարստությունն են, և յուրաքանչյուր նման կորուստ ողբերգություն է ամբողջ երկրի համար», - նշել է փոխվարչապետը։
Նա նաև հավելել է, որ «պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու, վիրավորներին հնարավորինս լավագույն բժշկական օգնություն տրամադրելու, ինչպես նաև դպրոցներում անվտանգության չափորոշիչներն ուժեղացնելու համար՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու նպատակով»։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ նույնպես արտահայտել է «խոր ցնցում և վիշտ»՝ կապված դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ։
Նախագահն ընդգծել է համապարփակ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը՝ միջադեպի պատճառները պարզելու, ինչպես նաև կրթական բոլոր հաստատությունների շենքերում անվտանգության չափանիշների պահպանումն ապահովելու համար։