Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան
3 րոպեի ընթերցում
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և բնակարանային ապահովման խնդիրների քննարկումը պետք է կենտրոնանա լուծումներ գտնելու վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած հանդիպմանը և դրան ընդդիմադիր պատգամավորների չմասնակցության վերաբերյալ հարցերին։
Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ չի ցանկանում հարցը դիտարկել քաղաքական տեսանկյունից։
«Ես այս հարցը չեմ ուզում դիտել քաղաքական որևէ պրիզմայով, որովհետև տեղահանվածների սոցիալական խնդիրները, բնակապահովման խնդիրները պետք է վեր լինեն ցանկացած քաղաքական շահարկումից»,- ասել է նա։
Բաղդասարյանը պարզաբանել է, որ հանդիպումը կազմակերպվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ քննարկում անցկացնելու վերաբերյալ նամակն ուղղված է եղել երեք խմբակցություններին, և յուրաքանչյուրն ունեցել է նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն։
Նա հավելել է, որ հանդիպման նախաձեռնողների հետ նախապես քննարկվել է մասնակիցների շրջանակը։ Նրանց ներկայացրած ցանկի հիման վրա կազմակերպվել է հանդիպումը, իսկ ՔՊ խմբակցությունն ապահովել է գործադիրի ներկայացուցիչների մասնակցությունը։
Բաղդասարյանի խոսքով՝ բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է տեղում։ Սոցիալական ոլորտին առնչվող մյուս հարցերի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է կազմակերպել լրացուցիչ բովանդակային քննարկում՝ ներկայացված առաջարկներն ուսումնասիրելու համար։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների չմասնակցության հարցին՝ Բաղդասարյանը նշել է, որ նրանք նույնպես կարող են նախաձեռնել քննարկումներ, հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին և հարցեր ուղղել նրանց։ Նա հիշեցրել է նաև կառավարության հետ հարցուպատասխանի և գրավոր հարցումների հնարավորությունների մասին։
«Ինչքան բովանդակային, կառուցողական առաջարկներ հնչեն, կարծում եմ՝ այդքանով գործադիրին օգնած կլինենք»,-ասել է Բաղդասարյանը։