1 րոպեի ընթերցում
Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 13-ին դատարանը բավարարել է դատախազների համապատասխան միջնորդությունը։
Ղուկասյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, սակայն դատարանը որոշել է պահպանել տնային կալանքը։
Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա գործարար Սևակ Գոմցյանից պահանջել է 4 միլիոն դրամ՝ արդեն կառուցված ապօրինի շինությունն օրինականացնելու համար։
Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Այդ գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին։ Նրա նկատմամբ իրականացվում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ։ Օրերս Ղուկասյանն արդարացվել էր խուլիգանության վերաբերյալ առանձին գործով։