Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նոր հարձակման հետևանքով կան զոհ և վիրավորներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները։

Մասնավորապես, անհայտ տեսակի արկը թիրախավորել է Ռիադի միջազգային օդանավակայանի թիվ 4 տերմինալը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի մարմինը հայտնել է մեկ զոհի և 11 վիրավորի մասին։

Հարձակումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Եմենի՝ Իրանի աջակցությունը վայելող հութիների հարվածի հետևանքով Սաուդյան Արաբիայում 13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Սա վերջին ավելի քան մեկ տասնամյակում երկրի տարածքում տեղի ունեցած ամենամահաբեր հարձակումն է համարվում։

Երկրի հարավում գտնվող Աբհա քաղաքում հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան արտակարգ նախազգուշացում է հայտարարվել, սակայն Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ վտանգն արդեն անցել է։

Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան օդային ռազմական գործողություններ է իրականացնում հութիների դեմ։ Վերջիններս Եմենում ցամաքային պատերազմ են մղում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության դեմ։

Հեռուստատեսային ելույթում հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիեն ստանձնել է հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Նա հայտարարել է, որ խմբավորումը հարվածներ է հասցրել նաև Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգում գտնվող Դամամ քաղաքի օդանավակայանին և «Saudi Aramco» նավթային ընկերության երկու օբյեկտի։

Սաուդյան Արաբիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը X սոցիալական ցանցում գրառմամբ բրիտանացի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ջիդդա, Դամամ և երկրի մյուս օդանավակայաններ ուղևորություններից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։

Իսկ ԱՄՆ ավիացիոն իշխանություններն ամերիկյան ավիաընկերություններին հորդորել են զգուշություն ցուցաբերել Սաուդյան Արաբիա թռչելիս կամ երկրի օդային տարածքով անցնելիս։

Հայերեն English Русский