ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին
5 րոպեի ընթերցում
Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI Radio France Internationale) հայերեն ծառայությունը նոր հնարավորություններ է բերել հայ ուսանողների համար. ԵՊՀ լրագրության ֆակուլտետում ուսանողները հանդիպեցին RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի և RFI հայերեն ծառայության խմբագրական թիմի ներկայացուցիչների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում RFI-ի տնօրենն ուսանողներին ներկայացրեց իրենց հարթակը, հնարավորությունները նշելով, որ ուսանողներից յուրաքանչյուրը կարող է դառնալ հայերեն ծառայության լրագրող:
«Մենք հիմա երկու ուղղությամբ ենք փորձում գործունեություն ծավալել ԵՊՀ-ում։ Առաջինը՝ բացատրել մեր գործունեությունը, թե ինչ ենք մենք պատրաստվում անել, ինչ տեսակի լրատվություն ենք փորձում ապահովել։ Երկրորդ նպատակն այն է, որ այսօր, գտնվելով ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետում, ուսանողներին ներկայացնենք ազատ լրագրության գաղափարը։ Եվ, եթե նրանք ցանկանան աշխատել մեզ հետ, մենք շատ ուրախ կլինենք: RFI հայերեն ծառայությունը նոր է, որի լրագրողների մի մասը գտնվում են Ֆրանսիայում, մի մասը՝ Հայաստանում: Չորս ամիս է, ինչ աշխատում ենք նաև հայերենով, բայց արդեն բավականին մեծ պրոգրես ունենք՝ մոտ 5 միլիոն դիտում»,- ասաց Ժան-Մարկ Ֆուրին։
Նա նշեց, որ RFI-ն այժմ առաջարկում է 100 տոկոս թվային, սոցիալական ցանցերին (Instagram, Facebook, Tiktok, YouTube) հարմարեցված տեղեկատվական բովանդակություն հայերենով, որի նպատակն է տեղեկացնել և պատմել Հայաստանի մասին՝ երիտասարդների միջոցով և երիտասարդների համար, ովքեր ակտիվորեն օգտվում են թվային հարթակներից և մեծապես ենթարկվում են ապատեղեկատվության ազդեցությանը:
«RFI հայերենով ծառայությունն առաջարկում է ժամանցային, ինտերակտիվ և կրթական տեսանյութեր ու ձևաչափեր՝ բացատրական նյութեր, պատմություններ, փաստերի ստուգում, թվային հարցումներ, ինֆոգրաֆիկաներ, հարցումներ փողոցում և այլն: Դրանց միջոցով լուսաբանվում են Հայաստանի արդի իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային, եվրոպական և միջազգային կարևոր թեմաները:
RFI հայերենով խմբագրակազմը հենվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում գործող թղթակիցների ցանցի, ինչպես նաև տեղական գործընկերների հետ համագործակցության վրա։ Անկախ, ստուգված և տեղում հավաքագրված տեղեկատվության միջոցով RFI հայերենով ծառայությունը նպաստում է տեղեկատվության մանիպուլյացիաների դեմ պայքարին»,- ասաց Ժան-Մարկ Ֆուրին:
ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրասենյակի ղեկավար Անահիտ Մենեմշյանն էլ նշեց, որ ուսանողների հետ հանդիպման առաջարկը եղել է RFI-ի կողմից, որի շրջանակում, բացի հարթակի ներկայցումից, RFI հայերենով ծառայության ղեկավար Աստղիկ Ագոբյանը և լրագրող Մարիամ Թովմասյանը ուսանողներին ներկայացրեցին «Ինչպես են լրագրողներն աշխատում 100 տոկոս թվային մեդիայի դարաշրջանում» թեմայով դասախոսությունը:
«Միջազգային ցանկացած համագործակցության մենք սիրով համաձայնվում ենք։ Կազմակերպեցինք այս հանդիպումը ու մեր ուսանողներն այսօր հնարավորություն ունեն լսելու, թե ինչպես է թվային դարաշրջանը պատկերացնում ֆրանսիական միջազգային այս կարևոր խումբը, ճանաչելու նրանց, տեղեկանալու իրենց գործունեությանը և ինչու չէ հնարավորություն ունենալ հայերեն ծառայությանը թղթակցելու»,- ասաց Մենեմշյանը:
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
Հանդիպում RFI-ի տնօրեն Ժան-Մարկ Ֆուրի հետ
RFI-ն ֆրանսերենից բացի ունի նաև բովանդակություն 17 լեզվով՝ ներառյալ հայերենը։ RFI հայերենով ծառայությունը գործում է «Տեղեկատվական վահան» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել են France Médias Monde-ն ու Deutsche Welle-ն, որը աջակցվում է Եվրոպական միության կողմից:
Խմբագրությունն օգտվում է նաև France Médias Monde-ի՝ փաստերի ստուգման և թվային հետաքննությունների ոլորտում մասնագիտացած թիմերի փորձից, մասնավորապես՝ RFI-ի «InfoVérif» խմբից և France 24-ի «Les Observateurs» ծրագրից։