Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը
4 րոպեի ընթերցում
Հայաստանում առաջին անգամ առողջապահության ոլորտի մասնագետներին ներկայացվեց ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության ոլորտի երկու նորարարական լուծում՝ ֆոտոբիոմոդուլյացիոն թերապևտիկ վերականգնողական սարքավորում և TeleMed թվային հավելված, որը հնարավորություն է տալիս առաջատար արտասահմանյան հիվանդանոցների ուռուցքաբաններից ստանալ անկախ բժշկական երկրորդ կարծիք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նորարարական լուծումները հասանելի դարձնել հայաստանյան առողջապահական համակարգին։ Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան ուռուցքաբաններ, քիմիաթերապիայի մասնագետներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։
Ներկայացնելով TeleMed թվային հավելվածը՝ բժիշկ Համպիկ Ռաֆայել Կուրիէն նշեց, որ այն նախատեսված է ոչ միայն ուռուցքաբանական, այլև բժշկական բարդ դեպքերում երկրորդ մասնագիտական կարծիք ստանալու համար։
«Այս հավելվածի նորությունն այն է, որ երկրորդ կարծիքը հնարավոր է ստանալ ոչ միայն օնկոլոգիական, այլև բժշկական բարդ դեպքերի համար։ Եթե, օրինակ, հիվանդը ցանկանում է ստանալ Ամերիկայի կամ Եվրոպայի առաջատար կենտրոնի մասնագետի կարծիքը, նա կարող է դա անել առցանց։ Հիվանդը կամ բժիշկը համակարգում տեղադրում է հիվանդի վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը՝ հետազոտությունների արդյունքները, փաստաթղթերը և բժշկական տվյալները։ Դրանից հետո մասնագետները ներկայացնում են իրենց կարծիքը և բուժման հնարավոր տարբերակները»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ հարթակի մասնագիտական ցանցում ընդգրկված են տարբեր երկրների մասնագետներ, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան, որը մասնագետների խոսքով, կարող է կիրառվել ուռուցքաբանական բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների և տոքսիկության նվազեցման նպատակով։
Բժիշկ Ֆուադ Կերբաժը նշեց, որ ֆոտոբիոմոդուլյացիան Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ և բժշկության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիա է։
«Սա նորարարական տեխնիկա է, որը կանխարգելում և բուժում է քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները՝ ռադիոթերապիայի, քիմիաթերապիայի և իմունոթերապիայի դեպքում»,- ասաց նա։
Կերբաժի խոսքով՝ ֆոտոբիոմոդուլյացիան կիրառվում է նաև բժշկության այլ ոլորտներում, այդ թվում՝ գինեկոլոգիայում, օրթոպեդիայում և ատամնաբուժության մեջ։ Նա ընդգծեց, որ թերապիայի առանձնահատկություններից մեկը կողմնակի ազդեցությունների բացակայությունն է։ Այն իրականացվում է կարմիր և ինֆրակարմիր լույսի միջոցով՝ ուղղված ախտահարված հատվածին։
Մասնագետի խոսքով՝ մեկ սեանսը սովորաբար տևում է 5-15 րոպե՝ կախված տոքսիկության աստիճանից։ Միջինում այն իրականացվում է շաբաթական երեք անգամ՝ 4-6 շաբաթվա ընթացքում։
Նա հավելեց, որ տարբեր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս ֆոտոբիոմոդուլյացիայի արդյունավետությունը տոքսիկության և կողմնակի ազդեցությունների նվազեցման, ցավի կառավարման, վերքերի լավացման և հակաբորբոքային ազդեցության ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ուսումնասիրություններում արձանագրվել է մոտ 60 տոկոս բարելավում նշված ուղղություններով։
«Երբ մենք նվազեցնում ենք տոքսիկությունն ու կողմնակի ազդեցությունները, բուժառուին հնարավորություն ենք տալիս անցնել բուժման ամբողջ փուլերը։ Քանի որ կողմնակի ազդեցությունների դեպքում երբեմն նվազեցնում են դեղաչափը կամ դադարեցնում բուժումը, իսկ այս դեպքում հնարավոր է շարունակել անհրաժեշտ բուժումն ամբողջությամբ»,- ընդգծեց բժիշկը։