Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևին, որն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, երկու նոր մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Ադրբեջան

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

2026 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում: 

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան: Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը և չէր բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Այդ մասին հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել