Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

6 րոպեի ընթերցում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ մինչև ԱՄՆ-ում նախանշված միջանկյալ ընտրությունները, դժվար թե նոր ակտիվություն նկատվի իրանա–ամերիկյան հակամարտության մեջ։ Նա չի բացառում, որ կլինեն ժամանակավոր կարգավորման որոշ դրական մեսիջներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձավ վերոհիշյալ հակամարտության ներկա փուլին, Նյու-Յորքում կայացած բանակցություններին և իրանական կողմի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցներին։

«Իրանա–ամերիկյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի ամենակարևոր իրադարձությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում իրանական կողմի 7 կետից բաղկացած առաջարկն էր՝ փոխանցված ամերիկյան կողմին։ Նախապայմանները, որոնցից գլխավորն առնչվում է Հորմուզի նեղուցի վերաբացմանը, կառուցված են ԱՄՆ-ի ու Իրանի միջև ստորագրված Իսլամաբադի համաձայնագրի հիմքի վրա։ Որքան հայտնի է, ամերիկյան կողմը նյույորքյան կարճատև հանդիպումից հետո դեռևս չի համաձայնել այդ նախապայմաններին։ Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակին, ապա հիբրիդային պայքարի բոլոր դրսևորումները, բացի ակտիվ ռազմական գործողություններից, տակավին առկա են քարոզչական, տնտեսական, քաղաքական, իրավական և այլ հարթություններում»,- ասաց Դավթյանը։

Նրա դիտարկմամբ՝ արդիական են նաև էներգետիկ խնդիրներն ու պատժամիջոցների թեման։ Իրանագետի խոսքով՝ ուշագրավ էր վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների այն փաթեթը, որի համաձայն, մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին ամերիկյան կողմը հորդորում էր չընդունել իրանական չվերթները։ Սակայն ոչ բոլոր երկրներն են մտադիր դա անել, որովհետև առաջնորդվում են Իրանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման ռազմավարական, քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի շահերով։

Դավթյանի կարծիքով՝ իրանաամերիկյան հակամարտությունը հետայսու նույնպես կարող է ազդեցության տարբեր դրսևորումներ ունենալ տարածաշրջանի երկրների վրա, քանզի յուրաքանչյուր պետություն Իրանի հետ հարաբերությունների իր մակարդակն ունի։ Կան երկրներ, որոնց հետ Իրանը զարգացնում է ռազմավարական, անվտանգային, իսկ որոշների հետ՝ տնտեսական կապեր։

«Օրինակ՝ Իրաքի ուղղությամբ վաղուց չէին իրականացվում չվերթներ, արաբական այդ երկրում ճնշումները բավականին ուժեղ էին, բայցևայնպես կանխատեսելի էր, որ եթե ոչ Բաղդադի, ապա Նաջաֆի ուղղությամբ չվերթները վերականգնվելու էին։ Աֆղանական ուղղությամբ թալիբները հայտարարել են, որ Իրանի հետ չվերթները չեն ընդհատվելու։ Այդպիսի մոտեցում է ցուցաբերել նաև Պակիստանը։ Կան տեղեկություններ, որ նույնիսկ թուրքմենական ճանապարհով պահպանվել են չվերթները դեպի Տաջիկստան։ Հայաստանի և Թուրքիայի ուղղությամբ թռիչքները նույնպես շարունակվում են։ Իսկ ահա Եվրոպայի օդագնացության անվտանգության ապահովման գործակալությունն իր նախազգուշացումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 16-ը, ինչը նշանակում է, որ դա տակավին մնում է ռիսկային գոտի»,- նշեց մեր զրուցակիցը։       

Դավթյանը հավելեց, որ չնայած ծովային շրջափակմանը՝ իրանական երկաթուղին աշխատում է ծանրաբեռնված։ Կենտրոնական Ասիայով դեպի Չինաստան երկաթուղային հաղորդակցության ծավալները մոտ տասն անգամ ավելացել են։ Բացի այդ, ցամաքային ավտոմոբիալային բեռնափոխադրումները նույնպես ավելացել են։ Իհարկե, կան պրոբլեմներ ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ լոգիստիկ առումով, սակայն իրավիճակը կրիտիկական չէ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի դասեր են քաղել Ծոցի երկրները իրանա–ամերիկյան հակամարտությունից, իրանագետն ընդգծեց, որ այդ առումով վերջին ուշագրավ իրադարձությունն Իսրայելի վարչապետի այցն էր ԱՄԷ։ Ըստ նրա՝ ենթադրվում է, որ արվում են որոշակի փորձեր՝ վստահություն ներշնչելու տարածաշրջանի երկրներին, ինչ-որ կոալիցիա ձևավորելու կամ համատեղ գործողություններ իրականացնելու համար, բայցևայնպես, Ծոցի պետությունները բացի քաղաքական ցանկությունից, պետք է ունենան համապատասխան ռազմական ռեսուրսներ։

«Օրինակ՝ Սաուդյան Արաբիայի ու Եմենի միջև ռազմական գործողությունների ընթացքում ակնհայտորեն երևաց, որ սաուդցիների բանակը չէր կարողանում կատարել իր առջև դրված խնդիրները։ Արդյոք այդպիսի պայմաններում, երբ տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը գտնվում է նման վիճակում, մյուսները կհամարձակվեն Իրանի հետ մտնել առճակատման մեջ։ Միանշանակ է, որ պետք է խուսափեն դրանից ու փորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի գտնեն ընդհանուր եզրեր, կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը կամ ընդունեն Իրանի կողմից ներկայացված 7 կետանոց առաջարկը։ Առավել ակտիվ միջնորդական նախաձեռնություններ են դրսևորում Պակիստանն ու Թուրքիան, որպեսզի ճգնաժամն ավելի չխորանա»,- ասաց Դավթյանը։

Պատասխանելով այն հարցին, թե Հորմուզի նեղուցը դեռ երկա՞ր ժամանակ կմնա փակ, իրանագետը շեշտեց, որ դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե ԱՄՆ-ն ինչպես կարձագանքի կամ ինչպես կպատասխանի իրանական կողմի առաջարկին։

«Մենք գործ ունենք մեկ այլ իրողության հետ․ նախկինում նեղուցի ազատ գործելու պայմաններում որոշակի քանակությամբ նավեր էին նավարկում։ Այս պահին շարժը թեև խիստ սահմանափակ է, բայց երթևեկությունն ամբողջությամբ փակ չէ։ Իրանի հակառակորդ երկրների համար Հորմուզի նեղուցը փակ է, բայց կա նաև այլընտրանքային տարբերակը, որը ձեռք է բերվել Իրանի և Օմանի միջև, ինչը ենթադրում է նոր երթուղի, սակայն իրանական վերահսկողությունն այդտեղ նույնպես գերակա է։ Քաղաքական կոնյուկտուրայի զարգացումներով է պայմանավորված այն հանգամանքը, թե որքան կպահպանվի ստեղծված իրավիճակը»,- եզրափակեց իրանագետը։       

Հայերեն English

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները

Որքանո՞վ են բարձրանում կենսաթոշակներն ըստ տեսակների

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Առաջնախաղ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն