Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար
3 րոպեի ընթերցում
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը նախազգուշացրել է, որ Սեուլը կձեռնարկի «լրացուցիչ միջոցներ», եթե Ուկրաինան շարունակի հրաժարվել պաշտոնապես ներողություն խնդրել հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման գաղտնիության վերաբերյալ համաձայնությունը հերքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
Նա նշել է, որ Ուկրաինան պահանջել է գաղտնիություն և համաձայնել է այն պահպանել հյուսիսկորեացի ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու հարցում, սակայն «միակողմանիորեն բացահայտել» է փոխանցման փաստը, այնուհետև հերքել, որ գաղտնիության համաձայնագիր է եղել՝ «դրանով ստախոս ներկայացնելով այլ երկրի ղեկավարին»։
«Եթե դուք շարունակեք հերքել փաստերը և հրաժարվել պաշտոնապես ներողություն խնդրելուց, մենք կձեռնարկենք լրացուցիչ միջոցներ։ Քանի որ սա հարց է, որը վերաբերում է հարավկորեացի ժողովրդի արժանապատվությանը, մենք չենք կարող անտեսել սա», - ասել է Լի Չժե Մյոնը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրաձայնել էր ռազմագերիներին փոխանցելու մասին՝ զայրացնելով Սեուլին, որը պնդում էր, որ այդ քայլը պետք է գաղտնի մնար։
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ հենց Ուկրաինան է խնդրել գաղտնի պահել այդ քայլը՝ մասամբ հյուսիսկորեացիների ընտանիքներին պաշտպանելու, ինչպես նաև այն պատճառով, որ Կիևը ցանկանում էր խուսափել քննադատությունից, թե բաց է թողել զինվորներին ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու հնարավորությունը։
Զելենսկու գրասենյակը պատասխանել էր՝ նշելով, որ երկու երկրների միջև գաղտնիության պայմանավորվածություն չի եղել, ինչն էլ ավելի սրեց իրավիճակը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածը որակել է որպես «դիվանագիտական թյուրիմացություն»՝ հավելելով, որ Կիևն աշխատում է խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Լի Չժե Մյոնն իր հերթին Կիևին մեղադրել է «Կորեական թերակղզում պատերազմ» հրահրելու փորձի համար՝ հայտնելով իր «խորը ափսոսանքը»։
«Պայմանավորվածությունն ընդունելու և ներողություն խնդրելու պահանջին ի պատասխան՝ դրա փոխարեն խոսվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև վերահաս ռազմական բախման մասին», - հավելել է նախագահը։
Սեուլը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր աջակցություն է ցուցաբերել Կիևին, սակայն հետևել է իր քաղաքականությանը՝ մահացու զենքեր չտրամադրել ակտիվ պատերազմում ներգրավված որևէ երկրի։