1 րոպեի ընթերցում
Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետական դումայի նախագահի պաշտոնում՝ իններորդ գումարման առաջին նիստի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վոլոդինի օգտին քվեարկել է 442 պատգամավորից 406-ը։ Կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու Դմիտրի Նովիկովը ստացել է 36 ձայն։
Վոլոդինի թեկնածությունն առաջադրել է ընտրություններում հաղթանակած «Միասնական Ռուսաստան» խմբակցությունը։
Ըստ «Վեդոմոստի» պարբերականի՝ Պետդումայի նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած քաղաքացիներին։ Նա նշել է, որ ռուսաստանցիները, չնայած սպառնալիքներին, սատարել են իրենց պատգամավորներին։ Բացի այդ, նա ընդգծել է, որ քաղաքացիներն իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքական կուրսին՝ այդպիսով նպաստելով երկրի հաղթանակին։