2 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության հիմնադիր Մանե Շաբոյանը և ներկայացուցիչ Լիլիթ Ղազարյանը, ովքեր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակիցներ են եղել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպության անդամները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են երիտասարդական հասարակական կազմակերպության գործունեությունը, առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները, ինչպես նաև ՄԻՊ հաստատության հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են հարցեր ՄԻՊ հաստատության գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, դրանց հասցեավորման մեխանիզմների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունն՝ ընդգծելով, որ հատկապես ուրախ է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակիցներին տեսնել արդեն սեփական նախաձեռնություններով և հասարակական գործունեությամբ հանդես գալիս։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի նպատակն է ոչ միայն երիտասարդներին ծանոթացնել ՄԻՊ գործունեությանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, այլև հնարավորություն տալ նրանց ձևավորվելու որպես ակտիվ և նախաձեռնող անհատներ, որոնք կարող են իրենց դերակատարությունն ունենալ հասարակական նշանակություն ունեցող խնդիրների բարձրաձայնման և հասցեավորման գործում։
Անահիտ Մանասյանը կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը երիտասարդների հետ։