ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում իր աշխատանքներն ավարտեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 23-րդ համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և սփյուռքի գործող կուսակցական կառույցների կողմից լիազորված պատգամավորները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին վերջին տարիներին հայրենիքում խաղաղության հաստատման, տնտեսության ազատականացման, ժողովրդավարության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և այլ ուղղություններով ձեռնարկված քայլերը։

«Համագումարը ողջունեց Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և տնտեսական փոխշահավետության վրա։ Այդ ամենի արդյունքում ձևավորված ռազմավարական և տնտեսական գործընկերությունները նպաստում են Հայաստանի պաշտպանական կարողությունների արդիականացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը՝ Հայաստանը դարձնելով Արևելք-Արևմուտք հաղորդակցության ուղիների անքակտելի մաս։

Ժողովը նաև մտահոգություն հայտնեց որոշ խնդիրների վերաբերյալ, որոնք շարունակում են մնալ հասարակության ուշադրության առարկա։ Դրանց թվում են դատաիրավական համակարգում տիրող առկա իրավիճակը և աշխատավորների իրավունքների ոչ բավարար պաշտպանվածությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Համագումարը դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող բանակցային գործընթացը և անհրաժեշտ համարել երկու հարևան ու ինքնիշխան պետությունների միջև բնականոն և կանխատեսելի հարաբերությունների հաստատումը։

Համագումարը վերահաստատել է կուսակցության այն մոտեցումը, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները տարանջատել Հայաստան-Թուրքիա՝ պետությունից պետություն հարաբերություններից։ Միաժամանակ, բանակցային գործընթացը բնավ չի նշանակում Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում։

«Համագումարը գտավ, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն իր ավարտին հասցնելը և բնականոն հարաբերություններ հաստատելը բխում են երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների շահերից։ Իսկ Բաքվի բանտերում արգելափակված հայ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հայտնաբերումը, սահմանազատումը և ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս բերումը շարունակում են մնալ առաջնահերթ հարցեր։

Համագումարը դատապարտեց Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման փորձերն ու խաղաղության գործընթացը խաթարող հռետորաբանությունը։

Մյուս կողմից, համագումարը կարևորեց Հայաստան-սփյուռք հարաբերություններն ավելի գործնական դարձնելու և սփյուռքի ներուժն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթություն տալով Հայաստանի պետականության ամրապնդմանն ու հզորացմանը։

Համագումարը գտավ, որ ի տես սփյուռքի առջև ծառացած ազգային և ընկերային լուրջ մարտահրավերներին, մանավանդ ուծացման վտանգի տակավ ահագնացման՝ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հատուկ հոգատարությունը՝ օժանդակելու հայապահպանման յույժ կարևոր գործին»,- եզրափակվում է կուսակցության հաղորդագրությունը։

Հայերեն العربية English Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին