Արևելագիտության ինստիտուտը՝ Հայաստան-արաբական երկրներ և Հայաստան-սփյուռք գիտական հարաբերությունների կամուրջ

2 րոպեի ընթերցում

Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ սիրիահայ մտավորական և հասարակական գործիչ Աւօ (Ավետիս) Գաթրճեանի «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912-2026թթ․)» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին դիվանագետներ, Հայաստանի գիտական, կրթական, մշակութային և գրադարանային ոլորտների, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենագրությունը գրված է արևմտահայերենով և հրատարակվել է Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» աջակցությամբ։ Իր ելույթում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ինստիտուտն աջակցել է գրքի հրատարակությանը՝ կարևորելով դրա գիտական և քաղաքական նշանակությունը։ Այս տեսանկյունից, Արևելագիտության ինստիտուտը կամուրջ է ոչ միայն Հայաստանի և Մերձավոր Արևելքի երկրների, այլև, շատ դեպքերում, Հայաստան-սփյուռք գիտական հարաբերություններում։

Գրքի խմբագիր, հայ մամուլի պատմության մասնագետ Ալբերտ Խառատյանը և պատասխանատու խմբագիր, արաբագետ Արաքս Փաշայանն, անդրադարձան գրքի բովանդակային առանձնահատկություններին և մատենագիտական նշանակությանը, իսկ հեղինակը հանգամանորեն ներկայացրեց սիրիահայ մամուլի մեկդարյա պատմական ընթացքը՝ պատմական և աշխարհաքաղաքական փոխակերպումների համատեքստում։

Ելույթ ունեցողները նշեցին, որ աշխատանքը կարևոր ներդրում է ոչ միայն սիրիահայ, այլև ընդհանրապես հայ մամուլի և սիրիահայ համայնքի ուսումնասիրության տեսանկյունից և կարող է նպաստել այս ուղղությամբ հետագա հետազոտությունների ծավալմանը։ Գրքում ներառված են 228 թերթ և պարբերական, որոնցից 111-ը հայտնաբերվել, մոռացությունից փրկվել և առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել հեղինակի կողմից։

Միջոցառման ավարտին սիրիահայ հետազոտող Աւօ Գաթրճեանը Արևելագիտության ինստիտուտի տնօրենի կողմից ստացավ հատուկ շնորհակալագիր՝ արևելագիտության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման համար։

Հայերեն English فارسی