Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունը ստացել է տեղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հրդեհի հետևանքով այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Հրդեհաշիջումը բարդացնում էր ինտենսիվ այրման հետևանքով անջատվող մեծ ջերմությունը․ այն սահմանափակում էր հրշեջ-փրկարարների մոտենալու հնարավորությունը և խոչընդոտում աշխատանքների արագ իրականացմանը։

Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մյուս ենթակայանը պաշտպանել կրակից։ Նկուղային և վարչական շենքի հատվածներում առաջացած հրդեհները մեկուսացվել և մարվել են։ Կանխվել է նաև կրակի տարածումը մալուխային գծերով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 17։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

«Հրդեհի բարդությունից ելնելով՝ կանչի աստիճանը հաջորդաբար բարձրացվել է․ սկզբում հայտարարվել է «1-ԲԻՍ», ապա՝ 2-րդ, այնուհետև՝ 3-րդ՝ բարձր կանչ։ Ըստ հրդեհների մեկնման չվացուցակի՝ ներգրավվել են համապատասխան թվով հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ։ Տեղում աշխատել է 11 մարտական հաշվարկ, օգտագործվել է նաև ավտոսանդուղք»,- մանրամասներ է հայտնել ՓԾ Երևանի ՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։

Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրը հրդեհը մեկուսացնելն ու կրակի տարածումը կանխելն էր․ հարակից խոտածածկ տարածքում բուսականության բռնկումը կարող էր ընդլայնել հրդեհի ընդգրկման գոտին և բարդացնել հրդեհաշիջումը։ Կրակի դեմ պայքարը շարունակվեց մինչև ուշ երեկո։

Շուրջ չորս ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են ժամը 21։10-ին․ հրդեհը մարվել է։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։

Հայերեն English

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու