2 րոպեի ընթերցում
Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի է ունեցել Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա բեմադրված «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը և թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանը։ Խոսվել է թատրոնի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին։
Պրեմիերային ներկա են եղել պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանի դուստրը՝ Նարինե Թուխիկյանը, նրա ընկերները, Գյումրիից ժամանած գործընկերները, ինչպես նաև թատերասեր հանդիսատեսը։
«Վերջին հանգրվան»-ը պատմում է Հայաստանից արտագաղթած մի ընտանիքի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Ընտանիքի հայրը հիվանդանում է և մահից առաջ հայտնում իր վերջին ցանկությունը՝ թաղվել հայրենիքում։
Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը ցանկանում է կատարել ամուսնու վերջին ցանկությունը և նրա աճյունը տեղափոխել Հայաստան, մինչդեռ որդին դեմ է՝ իր առջև ունենալով հայրենիքի, հիշողության և սեփական կյանքի միջև բարդ ընտրություն։
Ներկայացումը խոսում է հայրենիքից հեռանալու և վերադառնալու, ընտանիքի, հիշողության, կորստի ու ազգային արմատների հետ մարդու կապի մասին՝ հարցեր, որոնք բեմից հասնում են հանդիսատեսին և շարունակում իրենց ճանապարհը նրա մտքերի մեջ