Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը
9 րոպեի ընթերցում
Բրյուսելում ապրող ներգաղթյալ ընտանիքների պատմությունները, կանանց անձնական փորձառություններն ու սերունդների միջև փոխանցվող հիշողությունները միավորվել են «Encrer le sens» խորագրով գրքում, որը լույս է տեսել Academia հրատարակչության կողմից։
Ժողովածուն միավորում է ներգաղթյալ ընտանիքների տասը կանանց պատմություններ՝ Հայաստանից, Կոնգոյից, Իտալիայից, Մարոկկոյից, Թունիսից և այլ երկրներից: Նրանց թվում է նաև հայուհի Ժաննա Թովմասյանը, որն իր պատմության միջոցով ընթերցողին ներկայացնում է մոր անցած ճանապարհը։
Գրքում ընդգրկված են Սալիմա Ամդայի, Ռիտա Բարուզիեի, Լատիֆա Բեն Ահմեդի, Ջամիլա Բուֆրիրայի, Ֆաթիմա Ֆարահիի, Լաուրա Գաջոտինիի, Նաիմա Ջամայիի, Խադիջա Ուլադ Ամարի, Սումիյա Մոմենի և Ժաննա Թովմասյանի հեղինակած գործերը. հինգ կանայք ներկայացնում են իրենց սեփական կենսագրությունը, իսկ մյուս հինգը՝ իրենց ավագ սերնդի կանանց։
Ժաննա Թովմասյանի պատմության կենտրոնում նրա մայրն է։ Մոր կյանքի հետաքրքրական դրվագները գրի առնելը դառնում է ոչ միայն ընտանեկան հիշողությունը պահպանելու, անցած ուղին վերաիմաստավորելու ու ճանաչելու, այլև այն հաջորդ սերնդին փոխանցելու միջոց։ Անձնական պատմության միջոցով ընթերցողին հասանելի է դառնում նաև ներգաղթի, ինքնության և նոր միջավայրում սեփական տեղը գտնելու փորձառությունը։
Ժաննան երեք զրույց է ունեցել մոր հետ՝ լսելով նրա կյանքի տարբեր փուլերի մասին՝ մանկությունից մինչև երիտասարդ մայրություն և այն կինը, որը նա դարձել է տարիների ընթացքում։ Այդ զրույցները, ինչպես ինքն է նկարագրում, ոչ միայն հնարավորություն են տվել վերականգնելու մոր կյանքի պատմությունը, այլև փոխել են իրեն՝ որպես դստեր։ Մոր պատմությունը գրի առնելիս Ժաննան դարձել է նրա հիշողությունների և զգացմունքների վկան։
Ժաննայի համար այս պատմությունը պարզապես ընտանիքի անցյալի մասին չէ։ Այն ծնվել է սեփական անցած ուղին գիտակցելու անհրաժեշտությունից՝ հասկանալու, թե ինչ է փոխանցվել իրեն մոր կյանքից, ինչ է նշանակում մեծանալ մի ընտանիքում, որը կրել է աղետալի բնական տարերքի հետևանքով կորստի կնիքը և որի ճանապարհը կապված է հայրենիքից հեռանալու և նոր երկրում արմատներ գցելու հետ։
«Այս պատմությունը նաև իմ պատմությունն է». այդ գաղափարն է, որ անցնում է Ժաննայի ողջ շարադրանքի միջով։ Նրա համար մոր կյանքի մասին գրելը դարձել է հիշողությունը պահպանելու ձև, բայց նաև՝ մայր ու դուստր հարաբերությունները նորովի ճանաչելու հնարավորություն։ Գրելիս, ինչպես նշում է Ժաննան, նրանց հարաբերությունն ավելի է մեղմացել ու խորացել․ նա սովորել է պարզապես լինել մոր կողքին, լսել նրան և ապրել այդ պահը՝ գիտակցելով, որ «մենք հավերժ չենք»։
«Մայրիկիս կյանքի դրաման սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից, երբ զոհվեցին նրա մայրն ու եղբայրը: Տասնամյա աղջնակի կյանքն այդպիսով նոր ընթացք ստացավ, իր անջնջելի հետքը թողեց նրա՝ որպես մարդ կայացման գործում, կոփեց անընդհատ պայքարող, դժվարությունները հաղթահարող, նոր իրավիճակներին հարմարվող, սեփական ցավը գիտակցված տանող ու ինքնազարգացմամբ վերափոխվող նրա տեսակը: Գրքում ընթերցողի հետ մայրս է խոսում, պատմել եմ նրա ձայնով, նրա կյանքի 3 տասնամյակի պատմությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Ժաննա Թովմասյանը:
Առանձնահատուկ տեղ ունի նաև մոր՝ Մարինայի կյանքի բելգիական փուլը։ Երկու փոքր երեխաների հետ Հայաստան-Բելգիա դժվար ճանապարհ անցնելուց հետո ընտանիքը հայտնվում է անորոշության մեջ։ Մարինան աշխատում է, սովորում է ֆրանսերեն, հոգ է տանում երեխաների մասին, իսկ տարիներ անց, արդեն օրինական կարգավիճակ ստանալուց հետո, որոշում է կրկին սովորել և մասնագիտանալ որպես մանկապարտեզի դաստիարակ։ Նրա անցած ճանապարհը, ի վերջո, դառնում է ոչ միայն գոյատևման, այլև վերականգնման ու ինքնուրույնության պատմություն։
Մոր պատումներում Ժաննան գտնում է նաև իր ընտանիքի ավելի խոր հիշողությունը։ Իր արմատների մասին պատմելիս նա անդրադառնում է ընտանիքի՝ պատմական Հայաստանի տարածքներից, Իրանից և Սիրիայից դեպի Խորհրդային Հայաստան, ապա՝ Բելգիա հասած ճանապարհին։ Այդպիսով անձնական պատմությունը աստիճանաբար վերածվում է մի քանի սերունդների հիշողության ներկայացման։
«Encrer le sens»-ի հեղինակների պատմությունները տարբեր են իրենց ծագումով և ընտանեկան հանգամանքներով, սակայն դրանցում ընդհանուր թեմաներ են՝ հայրենիքից հեռանալը, նոր միջավայրում կյանք կառուցելը, ընտանիքի ներսում փոխանցվող հիշողությունը, մայրության փորձառությունը և ինքնության ձևավորումը։
Այս համատեքստում Ժաննա Թովմասյանի պատմությունն իր մեջ կրում է նաև հայկական ընտանեկան հիշողության մի հատված։ Բրյուսելում ձևավորված նրա կյանքի պատմության մեջ Հայաստանի հետ կապը ներկայանում է ոչ միայն որպես ծագման փաստ, այլև որպես սերունդների միջև փոխանցվող ժառանգության մաս։
Ժաննայի համար գրելու այս գործընթացը դարձել է նաև հաշտեցման և մտերմության ճանապարհ։ Այն, ինչ տարիներ շարունակ եղել էր ընտանիքի ներսում՝ հիշողությունների, ցավերի ու չասված պատմությունների տեսքով, գրի միջոցով ստացել է նոր ձև և նոր հասցեատեր։
Գրքի ստեղծման ընթացքում հեղինակներին մեկ տարի ուղեկցել են Մանուելա Վարրասոն և Լեյլա Էլ-Մահին՝ ParagraFes հասարակական կազմակերպության շրջանակում։ Բրյուսելյան այս կազմակերպությունը զբաղվում է այն կանանց պատմությունները լսելի դարձնելով, որոնց ձայնը խլանում է հասարակական աղմուկի մեջ:
Նախագիծը շեշտադրում է գրի՝ որպես ինքնարտահայտման և հիշողության պահպանման գործիքի դերը։ Անձնական փորձառությունը գրավոր ձևակերպելու միջոցով այն դուրս է գալիս միայն ընտանեկան շրջանակից և դառնում ավելի լայն հանրային պատմության մաս՝ դրանով ձևավորելով դժվարությունները համատեղ հաղթահարելու մշակույթը:
«Encrer le sens»-ում ներկայացված պատմությունները ցույց են տալիս նաև, որ ներգաղթը միայն աշխարհագրական տեղափոխություն չէ։ Այն գործընթաց է, որը հաճախ վերափոխում է մարդու հարաբերությունը ընտանիքի, լեզվի, մշակույթի, ինքնության և նախորդ սերունդների ժառանգության հետ։
Գիրքը «կյանք է առել» նաև բեմում. սեպտեմբերի 17-ին և 18-ին Մոլենբեկի Մշակույթների և սոցիալական համախմբման տանը բեմական ընթերցումներ տեղի ունեցան։ Բեմական ընթերցումները հնարավորություն տվեցին գրքում արձանագրված պատմությունները փոխանցել նաև բանավոր խոսքով՝ դրանք դարձնելով լսելի և հասանելի ավելի լայն լսարանի համար։ Դրանց շարքում Ժաննա Թովմասյանի պատմությունը նաև հնարավորություն է տալիս բրյուսելյան բազմազանության մեջ լսելի դարձնել հայկական ընտանիքի անցած ուղին՝ մոր կյանքի միջոցով փոխանցելով անցյալի հիշողությունը և այն կապը, որը շարունակում է միավորել սերունդներին ու պահպանել ինքնությունը նոր միջավայրում։
Իսկ Ժաննա Թովմասյանի գործը հիշեցնում է, որ երբեմն մոր պատմությունը գրի առնելը նաև սեփական պատմությունը հասկանալու ճանապարհ է։ Ճանապարհ, որ սկսվում է մորից՝ Մարինայից, բայց չի ավարտվում նրանով։ Այն շարունակվում է իր, իր քրոջ, իր ընտանիքի և հաջորդ սերնդի մեջ՝ որպես հիշողություն, ինքնություն և այն կապը, որը ժամանակի ու տարածության փոփոխությունից հետո էլ շարունակում է միավորել մորը և դստերը։
«Encrer le sens»-ը, այսպիսով, միավորում է տասը կանանց անհատական պատմություններ՝ ստեղծելով Բրյուսելի բազմազան հասարակության մի յուրօրինակ պատկեր։ Տարբեր երկրներից եկած ընտանիքների պատմությունները հանդիպում են մեկ գրքում, իսկ դրանց միջոցով սերունդների միջև փոխանցվող հիշողությունը ստանում է նոր ձայն։