Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման գործընթացում։ Դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության հայց, որն ընդունվել է վարույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Օտարման գործընթացի իրավաչափությունն ուսումնասիրել է Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը։
Ուսումնասիրության համաձայն՝ Կառավարության 2004 թվականի մարտի 11-ի որոշմամբ, առանց սահմանված կարգով գույքի գնահատման, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձին՝ 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Մինչդեռ օտարումից շուրջ երեք ամիս անց, առանց գույքի փաստացի վիճակի փոփոխության, դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։
Դատախազությունը պարզել է նաև, որ թեև առուվաճառքի պայմանագրով հողամասի վարձակալության իրավունքի փոխանցում նախատեսված չի եղել, պետական սեփականություն հանդիսացող 0,266 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը։ Հետագայում նա անհատույց սեփականության իրավունք է ձեռք բերել 18 միլիոն 513 հազար դրամ կադաստրային արժեքով այդ հողամասի նկատմամբ։
Նույն տարածքից 1253 քմ հատվածը՝ մայթերն ու անցումները, գտնվել են Հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ներքո և օտարման ենթակա չեն եղել։
Առերևույթ հանցանքի հատկանիշներ հայտնաբերելուց հետո դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։