2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ
5 րոպեի ընթերցում
2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակիորեն դանդաղել է՝ օգոստոսին կազմելով 4.4%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի զեկույցում։
Ընդգծվում է, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պայմաններում, դեպի Ռուսաստան արտահանման հարաբերականորեն բարձր կշիռ ունեցող առանձին ապրանքների գծով առավել խոր գնանկումային ազդեցություններ են դրսևորվում՝ դեռևս մասամբ քողարկվելով անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գյուղատնտեսական սեզոնի որոշակի հետաձգմամբ (ինչն առավել նկատելի է միրգ ապրանքախմբում), ինչպես նաև պետական օժանդակության ծրագրերով:
«Այդուհանդերձ, թիրախից բարձր գնաճի պահպանումը հիմնականում պայմանավորվել է բնականոն գնաճի բարձր մակարդակով՝ օգոստոսին տ/տ 4.8%։ Վերջինս մեծապես արտացոլում է տեղական ոչ սեզոնային պարենային ապրանքներից փոխանցվող գնաճային միտումները՝ մասամբ պայմանավորված ներքին տնտեսությունում առաջարկի որոշ գործոններով:
Միաժամանակ, համաշխարհային տնտեսությունում պահպանվող մեծ անորոշության, էներգակիրների գների աճի և մատակարարման շղթաների խաթարումների պայմաններում արտադրական ծախսերի շարունակական աճը, չնայած վերջին շրջանում դիտվող որոշակի մեղմացմանը, կարող է դեռևս փոխանցվել տեղական ոչ պարենային ապրանքների գներին՝ մասամբ կլանվելով դրամի անվանական փոխարժեքի արժևորմամբ: Օրինակ, ՀՀ վառելիքի շուկայում օգոստոսին գրանցվել է բենզինի գների շուրջ 4.1% աճ նախորդ ամսվա համեմատ»,- նշված է զեկույցում։
Հաղորդվում է, որ հաշվի առնելով վերջին ամիսներին միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների զգալի աճը՝ առաջիկայում կարելի է ակնկալել նաև տեղական շուկայում պարենային ապրանքների գների աճի որոշակի արագացում։
«Այդուհանդերձ, չնայած առաջարկի գործոնների առկայությանը՝ վերջին ամիսներին բնականոն գնաճի արագացումն աստիճանաբար կրում է ավելի համատարած բնույթ, ինչը, հավանաբար, վկայում է նաև ձևավորված բարձր պահանջարկի պայմանների և դրա աստիճանական ընդլայնման մասին։ Բնականոն գնաճի արագացմանը նպաստել է նաև ծառայությունների գնաճի արագացումը՝ պայմանավորված հիմնականում պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ճյուղերում գնաճային զարգացումներով:
Կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում նկարագրում է պահանջարկի միջավայրով և գնաճային սպասումներով պայմանավորված գների վարքագիծը, շարունակել է արագանալ՝ ձևավորվելով թիրախից բարձր մակարդակում և օգոստոսին կազմելով տ/տ 4.3%:
Ընդ որում, նախորդ ամսվա նկատմամբ այս ցուցանիշի աճը կազմել է 0.5%, ինչը մեծ մասամբ պայմանավորվել է բնակարանների վարձակալական վճարների աճով՝ ընդգծելով հատկապես արտաքին պահանջարկի ընդլայնումը: Վերջինիս մասին են վկայում նաև հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և տրանսպորտի գների աճի արագացումը»,- նշված է զեկույցում։
Գնաճի հեռանկարի տեսանկյունից հիմնական անորոշությունները կապված են մի կողմից՝ ՌԴ կողմից արտահանման սահմանափակումների պայմաններում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության առանձին ապրանքախմբերի գծով ավելցուկային առաջարկի ձևավորման գնանկումային ռիսկերի, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում անորոշության պահպանման պայմաններում ապրանքահումքային գների տատանողականության աճի ու առևտրային ուղիների խաթարումներից բխող ազդեցությունների հետ։
«Համաձայն տնային տնտեսությունների գնաճային սպասումների վերաբերյալ ՀՀ ԿԲ հարցման արդյունքների՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը, համաշխարհային տնտեսությունում պահպանվող մեծ անորոշության, տարածաշրջանային հակամարտությունների երկարաձգման և դրանց մասշտաբների ընդլայնման պայմաններում, որոշ չափով աճել է։
Միաժամանակ, փոքր-ինչ ավելացել է նաև գնաճի համեմատաբար բարձր տեմպեր ակնկալող տնային տնտեսությունների կշիռը՝ գնաճի կայունացման կամ նվազման սպասումներ ունեցողների կշռի նվազմանը զուգընթաց։ Այս զարգացումները կարող են արտացոլել ինչպես վերը նշված գործոնները, այնպես էլ առաջին անհրաժեշտության, այդ թվում՝ պարենային ապրանքների գների առավել արագ աճը, որը կարող է ավելի նկատելի ազդեցություն ունենալ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների ձևավորման վրա»,- նշված է զեկույցում։