Մերձավոր Արևելք

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Աբհա, Նաջրան, Ջիզան շրջաններում, ինչպես նաև Տնտեսական քաղաքում «Արամկո» նավթային ընկերությանը պատկանող օբյեկտները, ինչպես նաև Խամիս Մուշաիթ ավիաբազան՝ զգալի վնասներ պատճառելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Մինչ այդ հութիները սաուդական ուժերին մեղադրել են լարվածության սրման համար՝ նշելով, որ Եմենի և նրա ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի։

Ըստ տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան չորս ավիահարված է հասցրել Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Մարիբի նահանգի ալ-Ջուբայի շրջանին, որը վերահսկվում է հութիների կողմից։

Հութիների հայտարարության մեջ նշվում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Սաուդյան Արաբիան 121 ավիահարված է հասցրել իրենց հսկողության տակ գտնվող շրջաններին։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ մի շարք նավթային օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են Եմենի հութիների կողմից՝ նշելով, որ հարվածների հետևանքով կան վիրավորներ։

«Թագավորության հարավային շրջանի մի շարք էներգետիկ ոլորտի օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են։ Համապատասխան մարմինները սկսել են կարգավորել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», - նշված է X-ում նախարարության գրառման մեջ։

Նաև նշվում է, որ հարձակումները հրդեհներ են առաջացրել մի քանի վայրում։

Գերատեսչությունը հավելել է, որ ներկայում ընթանում է վնասի չափի գնահատում, և որ վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում