Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակումը Կուբային 2025 թ. մարտի 1-ից մինչև 2026 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում պատճառել է ավելի քան 8 միլիարդ դոլարի վնաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը՝ ներկայացնելով զեկույց այս թեմայի վերաբերյալ։

Նրա խոսքով, որը մեջբերում է կուբայական Cubadebate լրատվական հարթակը, սա ռեկորդային թիվ է, որը 7%-ով գերազանցում է այն ցուցանիշները, որոնք հիշատակվում են 2024-2025 թթ. նմանօրինակ զեկույցներում։

Նախարարն ԱՄՆ-ի գործողությունները համարել է կուբացի ժողովրդի նկատմամբ հավաքական պատժի գործողություն։

«Շրջափակումն ուղղված է ոչ թե իշխանության, այլ սովորական մարդկանց առօրյա կյանքի դեմ և էլ ավելի ուժեղ է ազդում պարենային ապահովության, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, առողջապահության, կրթության և տրանսպորտի վրա», - նշել է նա։

Կուբայի ԱԳ նախարարության տվյալներով՝ վնասը, որը կուտակվել է 1960 թ. Հավանայի նկատմամբ տնտեսական շրջափակում սահմանելուց ի վեր, ներկայում ընթացիկ գներով կազմում է 178,7 միլիարդ դոլար։

Ռոդրիգեսն ամերիկյան պատժամիջոցների՝ Կուբայի տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ զեկույցը ներկայացրել է լրագրողներին։ Այն այնուհետև կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում