ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

5 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացնում է սոցիալ-տնտեսական այնպիսի ծրագրեր, որոնք միտված են նշված բնակավայրերում մարդկանց կենսագործունեության աշխուժացմանը՝ այդ կերպ լուծելով գյուղապահպանության խնդիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանից Սյունիքի մարզ ժամանած լրագրողների խումբն այցելեց Շիկահող գյուղ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունավետությանը։

Գյուղապետ Զորիկ Նավասարդյանը նշեց, որ ԿԽՄԿ-ի աջակցությամբ իրականացվել է ծրագիր, որի միջոցով բարելավվել են գյուղին պատկանող 40 հեկտար արոտավայրերը, որոնք նախկինում գտնվում էին անբարենպաստ վիճակում։

«Տրամադրված գումարներով դաշտերը մաքրվեցին, գյուղացիներին հատկացվեցին կորնգանի սերմեր։ Ունեցանք լավ բերք։ 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով այդ տարածքների մի մասն այժմ գտնվում է ադրբեջանական զինուժի անմիջական դիտարկման ներքո։ Սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում մեր ՊՆ-ն իրականացրել է ամրաշինական աշխատանքներ։ Դրանից հետո ԿԽՄԿ-ն գյուղացիներին ցուցաբերեց ֆինանսատնտեսական այլ աջակցություններ։ Վերջին ծրագրերից մեկին շահառու են դարձել շիկահողցի 20 ընտանիքներ։ Նրանցից յուրաքանչյուրին հատկացվել է 320 հազար դրամ, որպեսզի ձեռք բերեն խոզի կեր, մեղվափեթակներ, հավեր»,- մանրամասնեց Նավասարդյանը։

Նա հավելեց, որ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ շարունակվում է, ինչը գոտեպնդում և լավատեսությամբ է օժտում գյուղաբնակներին՝ զգալիորեն թեթևացնելով նրանց հանապազօրյա հոգսը։

«Մեր տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը շարունակ պետք է լինեն պետական հոգածության ներքո։ Գյուղը պահելու համար անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսությունը, լուծել ոռոգման ջրի ու գազաֆիկացման հարցը, բացել աշխատատեղեր, որպեսզի երիտասարդների աչքը «դուրս չնայի», նրանք մնան ու արարեն իրենց հայրենի բնօրրանում։ Մեր գյուղացիներին տրվում են 8 խորանարդ մետր փայտանյութի չեկեր, որպեսզի նրանք օգտվեն անտառից, հավաքեն թափուկները, սակայն դա շատ քիչ է ձմռան սեզոնն անցկացնելու համար։ Մարդկանց կարիքները տարաբնույթ են և դրանք հոգալու համար գնում են Կապան կամ արտերկիր։ Ոգևորում է այն հանգամանքը, որ 2022 թվականից հետո այստեղ ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել։ Այդ առումով ձևավորվել է անվտանգային միջավայր։ Հույս ունենք, որ սահմանագծումից և սահմանազատումից հետո ադրբեջանցիները կհեռանան իրենց կողմից օկուպացված հայկական տարածքներից»,- նշեց նա։

ԿԽՄԿ-ի ծրագրի շահառու դարձած շիկահողցի Վլադիկ Աղաթելյանը նշեց, որ իրենց ընտանիքը ձեռք է բերել 60 հավ, որոնք արդեն ձու են տալիս։ Ձեռք են բերել նաև ցորենի սերմացու։

«Ընտանիքով զբաղվում ենք նաև հողագործությամբ, մշակում ենք 2,5 հեկտար հողատարածք, ունենք նաև խոտհարքներ։ Հողի որակը թույլ է տալիս աճեցնել լավ բերք, եթե, իհարկե, բնակլիմայական պայմանները չխանգարեն։ Որդիս աշխատեցնում է ճագարների փոքրիկ ֆերմա։ Գյուղտեխնիկան թեև մաշված է, բայց փոքրիշատե հոգում է մեր կարիքները։ Ես նաև գյուղի ակումբավարն եմ։ Առիթի դեպքում կազմակերպում ենք միջոցառումներ»,- ասաց Աղաթելյանը։

Շահառուներից Անդրանիկ Մարգարյանը նույնպես գոհունակություն հայտնեց ԿԽՄԿ-ի կողմից իրականացված ծրագրերի առթիվ։ Նա ևս հատկացված գումարով զբաղվում է թռչնաբուծությամբ, գնել է նաև անասնակեր։ Մարգարյանը խորհրդային տարիներին երկար ժամանակ եղել է գյուղի տնտեսության գլխավոր մեխանիկը։

«ԿԽՄԿ-ն զգալիորեն օգնում է մեզ։ Բնականաբար, ծանոթ ենք այն ծրագրերին, որոնք միտված են գյուղացու հոգսը թեթևացնելուն։ Նեղության մեջ հայտնված մարդուն օգնելը պատվավոր գործ է»,- ասաց Շիկահողի 70-ամյա բնակիչը։

Նրա հետ զրուցեցինք նաև գյուղի անվտանգության հետ կապված խնդիրների մասին։ Մարգարյանի վեհանձնությունն ու արդարամտությունն իսկապես արժանի են հիշատակման։ Նա 1993-2003 թվականներին եղել  է Շիկահողի գյուղապետը։ Գրանցվել են դեպքեր, ադրբեջանցի հովիվների անասունները կտրել-անցել են սահմանն ու հայտնվել Շիկահողի խոտհարքներում։ Մարգարյանի հորդորով համագյուղացիներն անասուններին վերադարձրել են ադրբեջանցիներին։

«Եթե այսօր ուզում են իսկապես խաղաղություն լինի, ապա նախևառաջ պետք է իրար մոտեցնեն երկու հասարակություններին, ստեղծեն վստահության մթնոլորտ՝ բացառելով ագրեսիվությունն ու մարտատենչ հռետորաբանությունը»,- եզրափակեց շիկահողցի տղամարդը։

Հայերեն English

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը