ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

6 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցության արդյունքում Կապանի բժշկական կենտրոնում իրականացվել են ներդրումներ, ինչն օգնել է ԲԿ-ի ֆինանսատնտեսական իրավիճակի բարելավմանն ու բուժծառայության մակարդակի բարձրացմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Սյունիքի մարզ այցելած լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ մասին նշեց Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Բաբայանը։

«Մասնավորապես, շտապօգնության ծառայությանը տրամադրվել են նոր սարքավորումներ, 2023 թվականին վերանորոգվել է վիրակապարանը, որպեսզի մեր ԲԿ-ն առավելագույն չափով պատրաստ լինի արտակարգ իրավիճակներում առավել լավ և նպատակաուղղված բուժօգնություն ցուցաբերել բուժառուներին։ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել են նաև տարբեր վերապատրաստումներ, որպեսզի բուժանձնակազմը կարողանա տիրապետել անհետաձգելի բուժօգնության մանրուքներին ու ցուցաբերի առավել որակյալ բուժօգնություն»,- ասաց Բաբայանը։

Նա հավելեց, որ վերջին տարիների ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվել է արևային պանելների տեղադրում ԲԿ-ի տարածքում, ինչը բավականին մեղմել է բուժհաստատության էներգետիկ ծախսերը, իսկ 2023 թվականին հիմնովին վերանորոգվել է վիրահատարանը, որը թույլ կտա արտակարգ իրավիճակներում առավել անվտանգ իրականացնել վիրահատական միջամտություններ։

«Մեր ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է և ունի սպասարկման ծառայությունների լայն տիրույթ։ Մենք ապահովում ենք բժշկական առաջնային օգնություն, ունենք վիրաբուժական բաժանմունքներ, թերապևտիկ և վերակենդանացման բաժանմունքներ։ Կարիք է լինում մարդկանց Երևան ուղղորդել միայն այն դեպքերում, երբ հիվանդների վիճակը լինում  է ծայրահեղ ծանր»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա տեղեկացմամբ՝ Կապան համայնքում տարածված են առաջին հերթին սիրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունները։ Կապանն այդ առումով չունի մյուս բոլոր բնակավայրերից տարբերվող յուրահատկություններ, ինչը վկայում է նաև միջազգային վիճակագրությունը։

«Փորձում ենք բոլոր ուղղություններով լավարկել մեր ծառայությունները։ ԲԿ-ում աշխատում է բարձրակարգ վնասվածքաբան, ով մասնագիտությամբ նաև օրթոպեդ է, կատարում է ինչպես կոնքազդրային հոդի, այնպես էլ՝ ծնկան հոդի պրոթեզավորում։ Մեծացրել ենք նաև վիրահատական միջամտությունների ծավալը։ Մեզ մոտ արդեն կատարվում է լապարոսկոպիկ միջամտություն, աղեստամոքսային տրակտի դեպքում իրականացնում ենք ծավալուն վիրահատություններ, ինչը որոշ ժամանակ առաջ հիվանդների համար անհասանելի էր։ Ունենք նեյրովիրաբուժական ծառայություններ։

ԲԿ-ն նախկինում չի ունեցել մամոգրաֆիկ սարքավորում, սակայն հիմա ձեռք ենք բերել վերջին սերնդի մամոգրաֆիկ սարքը, որը թույլ կտա իրականացնել սքրինինգային ծրագրեր, քաղցկեղի վաղ հայտնաբերում և առավել վաղ փուլերում կսկսենք բուժումը»,- նշեց Կապանի ԲԿ-ի տնօրենը։

Բաբայանի խոսքով՝ դիմելիության աճ նույնպես կա, թեև շատ ծանրաբեռնվածություն Կապանի ԲԿ-ի վրա դեռ չի նկատվել։ Երկար սպասարկում կամ մեծ հերթագրումներ չկան։

«Այս պահին որոշ ծառայությունների մասով ունենք կադրերի պակաս՝ ռեանիմատոլոգ, նեվրոլոգ, ռևմատոլոգ, հետևաբար փորձում ենք ներգրավել մասնագետների։ Մեզ օգնում է Առողջապահության նախարարությունն իր նպատակային օրդինատուրայի ծրագրով, ինչպես նաև մարզեր գործուղվող բժիշկներին տալիս է հավելյալ միջոցներ, որպեսզի նրանք տեղերում կարողանան լուծել իրենց կեցության հետ կապված հարցերը։ ԶՊՄԿ-ն նույնպես օգնում է նոր մասնագետներ գտնելու և նոր սարքավորումներ ձեռք բերելու գործում»,- եզրափակեց Կապանի ԲԿ-ի տնօրենը։

Լրագրողները ծանոթացան նաև դիահերձարանի աշխատանքին։ Կապան-Մեղրի միջտարածքային դատաբժիշկ-փորձագետ Իշխան Սիմոնյանը, ով սպասարկում է դիահերձումները, նշեց, որ իրենք 2020 թվականից հետո լայնորեն համագործակցել են ԿԽՄԿ-ի հետ, ստացել են 48 տեղանոց սառնարան, ուստի պատրաստ են աշխատել ցանկացած պայմաններում։ Դիահերձարանին հատկացվել է նաև գեներատոր, որն անխափան կերպով ապահովելու է սառնարանի աշխատանքը։

«Մեզ տրամադրել են դիահերձման նոր սեղաններ, պարկեր, գործիքներ։ Տեղի են ունեցել բավականաչափ բարելավումներ։ Սպասում ենք, որ բարելավվեն նաև շենքային պայմանները։ Մեզ տեղեկացրել են, որ շուտով ներկայացվելու է նոր դիահերձարանի կառուցման նախագիծը։ Կապանի դիահերձարանը սպասարկում է Կապան և Քաջարան քաղաքներն ու հարակից համայնքները։ Ագարակում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան դիահերձարան։ Հուսով ենք, որ այդպիսին կլինի նաև Կապանում կառուցվելիք նոր հաստատությունը։ Մեզ մոտ ուշադրություն ենք դարձնում բոլոր մանրուքներին։ Սանիտարահիգիենիկ ներկա պայմաններում ինֆեկցիաների, վարակների տարածումն իսպառ բացառվում է։ Օգտագործված նյութերի արդյունքում առաջացած բժշկական թափոններն այրման միջոցով ոչնչացվում են»,- ասաց Սիմոնյանը։  

Նա տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ դիահերձարանը սպասարկել է նաև արտասահմանցիներին։ Նման դեպքերում դեսպանատները փոխանցում են մահացածների անձնական տվյալները, որոնց մարմինների դիահերձմանը զուգահեռ՝ իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները ներկայացվում են մահացած անձանց հարազատներին։  

Հայերեն English

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան