Իրավունք

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Չերյոմուխա-7» գործադրելու հրաման տված Ոոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Չերյոմուխա-7» գործադրելու հրաման տված Ոոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

Մասնավորապես, Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում