««Համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը «ՖՐԵՍԿՈ»-ի համար ներառականության մասին խոսելու ևս մեկ ձև էր. Աննա Կարապետյան
5 րոպեի ընթերցում
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային ներառական փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Համերգ տոտալ մթության մեջ» բացառիկ նախագիծը, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ժամանակավորապես երաժշտությունն ու շրջակա միջավայրն ընկալել այլ զգայարանների միջոցով։
Համերգն անցկացվեց լիակատար մթության պայմաններում։ Հանդիսատեսը չէր տեսնում բեմը, երաժիշտներին: Երաժշտությունը դարձավ երեկոյի գլխավոր ուղեկիցը, իսկ ձայնը, տարածությունը և մարդկանց ներկայությունը՝ կողմնորոշվելու հիմնական միջոցները։
Նախաձեռնությունը «ՖՐԵՍԿՈ»-ի ներառական ուղղվածության շրջանակում ստեղծված փորձառություն էր, որի նպատակն էր հանդիսատեսին դուրս բերել իր սովորական ընկալման շրջանակից և հնարավորություն տալ թեկուզ կարճ ժամանակով զգալ, թե ինչպես է փոխվում աշխարհի ընկալումը, երբ տեսողությունն այլևս մարդու հիմնական հենարանը չէ։
«Մենք չենք կարող մի քանի րոպեում ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել առանց տեսողության, և այս համերգը դրա հավակնությունը չունի։ Բայց կարող ենք մի կարճ հատվածում ինքներս մեզ զրկել տեսողությունից և փորձել զգալ, թե ինչպես է փոխվում աշխարհի ընկալումը, երբ տեսողությունն այլևս քո հիմնական հենարանը չէ»,-նշում է «ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության կարևորությունն առաջին հերթին այն է, որ հանդիսատեսը ոչ միայն լսում է համերգը, այլև սկսում է ավելի ուշադիր զգալ տարածությունը, ձայների ուղղությունը և մարդկանց ներկայությունը։
Մթության պայմաններում հանդիսատեսին ուղղորդում էր Նարեկ Դիշլարյանը։ Նրա խոսքով՝ մասնակիցների մոտ տագնապի և անորոշության զգացումը սկսվում էր դեռևս մութ տարածք մտնելուց առաջ։ Մարդիկ փորձում էին հասկանալ՝ որտեղ են գտնվում, ինչպես պետք է շարժվեն և արդյոք չեն կորի մթության մեջ։
Հանդիսատեսին առաջարկվում էր ձեռքը դնել դիմացինի աջ ուսին և այդպես շարժվել տարածության մեջ։ Շատերի համար նույնիսկ այս պարզ գործողությունը դարձավ վստահության փորձություն։ Մասնակիցները խոսում էին այն մասին, որ վախենում էին մոլորվել կամ կորցնել միմյանց։
Երբ արդեն հայտարարվեց, որ կարող են բաց թողնել միմյանց, մարդկանց մոտ դեռ պահպանվում էր անորոշության զգացումը։ Այդ պահերին առավել ակնհայտ դարձավ, թե որքան կարևոր են տարածքի ճիշտ կազմակերպումը, հասանելի միջավայրը և ճիշտ ուղեկցումը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն տեսողական խնդիրներ և հայտնվում են իրենց համար անծանոթ տարածքում։
Միևնույն ժամանակ, մթությունը ստիպեց հանդիսատեսին ավելի ուշադիր լսել և զգալ։ Մարդիկ սկսեցին կենտրոնանալ ձայների ուղղության, տարածության, քայլերի և իրենց կողքին գտնվողների ներկայության վրա։
Համերգի ամբողջ ընթացքում երաժիշտների ինքնությունը հանդիսատեսի համար գաղտնի էր։ Միայն միջոցառման ավարտից հետո, երբ լույսերը վառվեցին, պարզվեց, որ բեմում Հայաստանի Ջազ նվագախումբն էր։ Մինչ այդ հանդիսատեսը նրանց ճանաչում էր միայն երաժշտության միջոցով՝ առանց տեսնելու երաժիշտներին, նրանց գործիքները։
Երաժիշտների բացահայտումը դարձավ երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը՝ ցույց տալով, թե որքան է փոխվում արվեստի ընկալումը, երբ տեսողական տեղեկատվությունը լիովին բացակայում է։
«Համերգ տոտալ մթության մեջ»-ը դարձավ ոչ միայն երաժշտական, այլև ներառական փորձառություն։ Այն հնարավորություն տվեց հանդիսատեսին սեփական փորձով մտածել հասանելի միջավայրի, ուղեկցման, վստահության և այն դժվարությունների մասին, որոնց կարող են հանդիպել տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ առօրյայում։
«ՖՐԵՍԿՈ»-ի համար այս նախաձեռնությունը ներառականության մասին խոսելու ևս մեկ ձև էր՝ ոչ միայն պատմելով, այլև ստեղծելով փորձառություն, որը մարդը կարող է զգալ սեփական մարմնով և զգայարաններով։
Մի քանի րոպե մթության մեջ, իհարկե, չեն կարող փոխանցել տեսողական խանգարումներ ունեցող մարդու ամբողջ առօրյա փորձը։ Սակայն այդ կարճ ժամանակը կարող է փոխել սովորական ընկալման շրջանակը և օգնել ավելի ուշադիր նայել այն միջավայրին, որտեղ ապրում ու տեղաշարժվում են բոլորը։