Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատողները գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով երաշխիքներ, որ գերատեսչության վերակառուցումը չի հանգեցնի կրճատումների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Դիվանագետները պիկետ են կազմակերպել Լոնդոնում նախարարության շենքի մուտքի մոտ՝ իրենց հետ բերելով «Ոչ պարտադիր կրճատումներին» կարգախոսով ցուցապաստառներ: Նրանք նաև պարզել են «Պաշտպանեք աշխատատեղերը և պետական ծառայությունը» գրությամբ պաստառ:

Գործադուլավորներն իշխանություններին կոչ են արել ապահովել արտաքին քաղաքական գերատեսչության «արդար, բացահայտ և հարգալից վերակառուցման գործընթաց», որը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը:

Գործադուլը կազմակերպվել է Պետական և առևտրային ծառայությունների արհմիության (Public and Commercial Services Union, PCS) կողմից, որը միավորում է մոտ 200 000 պետական ​​ծառայողների և մասնավոր ընկերությունների անձնակազմի, որոնք աշխատում են պետական ​​պայմանագրերով։

Բողոքի ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք հրաժարվել են աշխատել ժամը 8:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում։ Զուգահեռաբար գործադուլ է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գրասենյակում, որը գտնվում է Շոտլանդիայի Իսթ Քիլբրայդ քաղաքում:

Հայերեն Русский