Քաղաքականություն

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

18 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

Խաղաղությունն անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքն է, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային–քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ՝ այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

«Անվտանգության ապահովման գործում էական դեր ունեն երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը, սահմանների և միգրացիոն հոսքերի կառավարումը, հակահետախուզական, հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական կարգի պահպանության կարողությունների շարունակական զարգացումը, հանցավորության դեմ պայքարը, աղետների ռիսկի կառավարումը, տեղեկատվական, պարենային, էներգետիկ անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը, համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը, որի նպատակն է  ապահովել ողջ հասարակության շրջանում ռազմական և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ու պատշաճ արձագանքման մշակույթի զարգացումը: Այս գործոնների մեկտեղման արդյունքը պետության համապարփակ դիմակայունության ձևավորումն է»,- ասված է ծրագրում։

Զինված ուժեր

Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման՝ վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվեն (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավման) և պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։

Ըստ այդմ՝ Կառավարությունը ապահովելու է Զինված ուժերի տեխնոլոգիական, կարողությունների ու մշակութային կերպափոխումը և շարունակական անցումը արհեստավարժ բանակի՝ բարձրացնելով երկրի պաշտպանունակության մակարդակը՝ ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Զինված ուժերի` սպառազինությամբ համալրվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը աճելու են, այդ թվում՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման միջոցով:

Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`

1)     Իրականացվելու է շարունակական անցում արհեստավարժ բանակի՝ պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայողների ներգրավման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմամբ, այդ թվում՝ զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության, կարիերայի, առաջխաղացման, մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման, պահեստազորի, բարոյահոգեբանական ապահովման, սոցիալական երաշխիքների նոր համակարգերի ներդրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:

2)    Իրականացվելու է Զինված ուժերի կարողությունների զարգացում, Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգի պատրաստության, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, մարդկային, նյութատեխնիկական և ապահովման միջոցներով համալրվածության ապահովում, պլանավորման և այլ համակարգերի կատարելագործում, որի արդյունքում ունենալու ենք Զինված ուժերի նպատակների, խնդիրների և հնարավորությունների համապատասխանեցում:

3)    Իրականացվելու է Զինված ուժերի և դրանց կառավարման համակարգի թվային վերափոխում, այդ թվում՝ հրամանատարության և կառավարման գործընթացների թվայնացում, նախազորակոչային հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների՝ վարժական հավաքներին ներգրավման, զորահավաքային նախապատրաստության և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգը ներառելու է նաև բժշկական հետազոտությունների կազմակերպման և դրանց արդյունքների հաշվառման գործընթացները:

4)    Ներդրվելու է կանոնավոր ուժերի համալրման, մշտական մարտական պատրաստության օպերատիվ, մասնագիտական և ռազմավարական պահեստազորի նոր համակարգ:

5)    Ռազմաուսումնական հաստատությունները համապատասխանեցվելու են արևմտյան առաջավոր երկրների չափորոշիչներին, ստեղծվելու են գերազանցության կենտրոններ, ձևավորվելու է պաշտպանության ոլորտում ամբողջական անկախ ազգային ռազմակրթական համակարգ:

6)   Փուլային կերպով լուծվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, ինչպես նաև  զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և ֆունկցիոնալության խոր, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:

7)    Կատարելագործվելու է տեղական արտադրողներից Զինված ուժերի ապագա կարիքներին համահունչ երկարաժամկետ պաշտպանական գնումների համակարգը, տեղայնացվելու է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը, ինչպես նաև Զինված ուժերում ստեղծվելու են առկա ռազմական տեխնիկայի նմուշների սպասարկման, նորոգման և արդիականացման համար հնարավորություններ:

 

Սահմանների և միգրացիայի կառավարում

Սահմանների համալիր կառավարումը նպաստելու է ոչ միայն պետության անվտանգային միջավայրի երաշխիքների ապահովմանը, այլև ուղևորահոսքերի և արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, հետագծելիության ու հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը։ Հայաստանի Հանրապետության փոխակերպումը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության կենսական է դարձնում միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը։

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1)     Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում՝ սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով:

2)    Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան՝ սահմանների համալիր կառավարման համակարգ, այդ թվում՝ սահմանային կառավարման ժամանակակից համակարգի կենսաչափական տեխնոլոգիաների ու թվային լուծումների միջոցով:

3)    Փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով:

4)    Իրականացվելու է միգրացիայի ոլորտի կառավարման համապարփակ արդիականացում՝ վիզային քաղաքականության հստակեցմամբ, մուտքի և կացության կառուցակարգերի ամրապնդմամբ, անօրինական միգրացիայի կանխարգելման, կամավոր և հարկադիր վերադարձի ինստիտուտի ձևավորման և ապաստանի համակարգի շարունակական զարգացման տրամաբանությամբ:

5)    Ներդրվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտին համապատասխան նոր կենսաչափական համակարգ, որը հագեցած է լինելու ապագային միտված լուծումներով և պարբերաբար թարմացվելու է ոլորտի նորարարություններով:

 

Հանցավորության դեմ պայքար

Ներքին անվտանգության արդի մարտահրավերներին դիմակայելու և հանցավորության դեմ արդյունավետ պայքար ապահովելու նպատակով պետության քաղաքականությունը հիմնված է լինելու երկու փոխլրացնող ուղղությունների վրա. մի կողմից՝ հասարակության շրջանում իրավաչափ վարքագծի ամրապնդման, հանցավորության, դրա առաջացմանն ու վերարտադրմանը նպաստող պատճառների և պայմանների, այդ թվում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականության ձևավորման, քաղաքացի-իրավապահ համակարգ վստահության ամրապնդման միջոցով, իսկ մյուս կողմից՝ իրավապահ համակարգի տեխնոլոգիական վերազինման և կարողությունների շարունակական զարգացման միջոցով։

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1)     Արդիականացվելու են հանցավորության քրեաբանական (այդ թվում՝ ԱԲ կիրառմամբ) վերլուծական կարողությունները՝ հանցավորության օրինաչափությունների, տարածական բաշխվածության, ռիսկերի և սպառնալիքների գնահատման ժամանակակից վերլուծական գործիքների ներդրմամբ՝ որդեգրելով  հանցավորության միտումների կանխատեսման, ռիսկերի վաղ բացահայտման, կանխարգելման արդյունավետության բարձրացման և ապացուցահենք որոշումների կայացման նոր մեթոդաբանություններ:

2)    Զարգացվելու են քրեական ենթամշակույթի՝ որպես հանցավորության ռիսկային գործոնի և դրան բնորոշ վարքագծային մոդելների դեմ պայքարի համակարգային մեխանիզմները՝ հասարակության մեջ դրանց նկատմամբ զրո հանդուրժողականության և մերժողական վերաբերմունքի արմատավորման, օրենքի գերակայության և իրավաչափ վարքագծի արժեքների ամրապնդման, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից դրանց ցանկացած դրսևորման նկատմամբ հատու և անզիջում հակազդման ապահովման միջոցով:

3)    Իրականացվելու է հանրապետության տեսահսկման համակարգերի ինստիտուցիոնալ վերափոխում («Խելացի քաղաք» մոդելով)՝ հանրային անվտանգության, հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով` Եվրոպական միության Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի  սկզբունքներին համահունչ:

4)    Արդիականացվելու է օպերատիվ–հետախուզական համակարգը:

5)    Ձևավորվելու է «Թվային ոստիկանությունը», այդ թվում` արհեստական բանականության վրա հիմնված «ԱԲ ոստիկանը» թվային միջավայրում քաղաքացիների անվտանգության ապահովման, շուրջօրյա (24/7) հասանելի ծառայությունների մատուցման, կիբեռլաբորատորիայի գործարկման, ռիսկերի գնահատման, անձի պրոֆիլավորման և այլ ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինչպես նաև ոստիկանության թվային կարողությունների զարգացման միջոցով:

6)   Ընդլայնվելու է «112» միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի գործառութային շրջանակը՝ շտապ բժշկական օգնության կանչերը ներառելով ահազանգերի միասնական ընդունման և օպերատիվ կառավարման համակարգում՝ բնակչությանը մեկ միասնական հարթակի միջոցով արտակարգ արձագանքման ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:

7)    Վերանայվելու է զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը՝ այն համապատասխանեցնելով հանցավորության դեմ պայքարի ժամանակակից մարտահրավերներին և միջազգային լավագույն փորձին:

 

Աղետների ռիսկի կառավարում

Աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման առանցքում պետության, համայնքների և բնակչության դիմակայունության բարձրացումն է՝ աղետների ռիսկերի նվազեցման և վաղ ազդարարման կարողությունների ամրապնդման միջոցով։

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները՝

1)     Ներդրվելու է բազմավտանգ աղետների վաղ ազդարարման և հիդրոօդերևութաբանական վտանգների վաղ նախազգուշացման ամբողջական համակարգ, իրականացվելու է գետային ավազանների մոդելավորում, ջրհեղեղների և այլ հիդրոօդերևութաբանական վտանգների ռիսկերի գնահատում, ինչպես նաև ռիսկերի գնահատման և կառավարման թվայնացված գործիքների ներդրում:

2)    Իրականացվելու են աղետների ռիսկի կառավարման պլանների արդիականացում և թվայնացում,  փրկարար ծառայողներին իրական ժամանակում իրավիճակային իրազեկվածությամբ և դեպքի վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովող համակարգերի և սարքավորումների ներդրում:

3)    Որդեգրվելու են հակահրդեհային անվտանգության միասնական ստանդարտներ՝ ռիսկահենք մոտեցումների ներդրման և հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով:

4)    Իրականացվելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ, որոնց շրջանակում ձեռք են բերվելու տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ՝ էականորեն ընդլայնելով երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները:

5)    Ներդրվելու է աղետների ռիսկերի ապահովագրության մոդել՝ աղետների հետևանքով առաջացող կորուստների ֆինանսական կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Պարենային անվտանգություն

Պարենային անվտանգության ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1)     Ձևավորվելու է նյութական պահուստի նոր մոդել՝ պարենային անվտանգության ապահովման և ճգնաժամային իրավիճակների համար անհրաժեշտ պարենային պաշարների ձևավորման նպատակով:

2)    Ձևավորվելու է ճգնաժամային իրավիճակների համար պահվող պարենի ցանկ այնպիսի տրամաբանությամբ, որ ցանկում ներառված անհրաժեշտ պարենն արտահայտված լինի մի քանի, իրար փոխարինող տեսակներով՝ այդպիսով դիվերսիֆիկացնելով դրանց ձեռքբերման և պահպանման գործընթացում հնարավոր ռիսկերը և նվազագույնի հասցնելով արտաքին կախվածությունը:

3)    Բարձրացվելու է կենդանական ծագման ապրանքների ինքնաբավությունը. տավարի մսի՝ 88%-ից հասցնելով մինչև 93%, կաթի՝ 78,6%-ից հասցնելով մինչև 88,7%:

 

Տեղեկատվական և կիբեռանվտանգություն

Պետությունը որդեգրում է «կիբեռանվտանգություն` ըստ նախագծման» սկզբունքը և երաշխավորում պետական տեղեկատվական համակարգերի անխոցելիությունը և թվային ծառայությունների անխափանությունը:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1)     Իրականացվելու են կրիտիկական բոլոր ենթակառուցվածքների խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում, շուրջօրյա մոնիթորինգ և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմների ներդրում:

2)    Ձևավորվելու են մասնավոր և հանրային հատվածներում միջազգային լավագույն չափանիշների (ԵՄ NIS 2, ISO/IEC 27001) ներդրման համար անհրաժեշտ կարողություններ, այդ թվում` կիբեռսպառնալիքների վաղ ազդարարման, վաղ բացահայտման և արագ հասցեագրման նպատակով:

3)    Կառավարության կողմից իրականացվող միասնական քաղաքականության ներքո Ազգային անվտանգության ծառայության կազմում ձևավորվելու է արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, ծրագրատեխնիկական ժամանակակից հագեցվածությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձր որակավորմամբ կադրերով համալրված Կիբեռպաշտպանության ազգային կենտրոն (NCDC)՝ պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում:

4)    Իրականացվելու են հանրային իրազեկվածության և կրթական կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր՝ հասարակության կիբեռհասունության մակարդակի բարձրացման նպատակով:

Առանցքային է նաև հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդումը, որը կենտրոնանալու է հետևյալ բարեփոխումների վրա`

1)     Իրականացվելու են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ապատեղեկատվության և կեղծ թվային բովանդակության (սինթետիկ (AI), դիփֆեյքերի) կանխարգելման, վաղ հայտնաբերման ու ազդեցության նվազեցման ուղղությամբ թիրախային միջոցառումներ:

2)    Ամրապնդվելու են քաղաքացիների մեդիա ու թվային գրագիտության զարգացման նպատակով կրթության բոլոր մակարդակներում և շարունակական կրթության միջոցով տեղեկատվության քննադատական գնահատման, ապատեղեկատվության ճանաչման, կիբեռանվտանգության ու պատասխանատու թվային վարքագծի կարողությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդներին:

3)    Կատարելագործվելու է երեխաների առցանց անվտանգության ապահովման իրավական շրջանակը՝ սահմանելով երեխաների առցանց իրավունքների, վնասակար բովանդակությունից պաշտպանությանը (այդ թվում՝ սոցիալական ցանցերում), թվային ծառայություններ մատուցողների պատասխանատվությանը և դպրոցներում թվային սարքերի անվտանգ օգտագործմանը վերաբերող կարգավորումներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում