Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով APA գործակալությունը, հանդիպման ընթացքում ռուսական կողմին փոխանցվել է Ադրբեջանի լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված վերջին շրջանում ռուսական մեդիա և տեղեկատվական տիրույթում Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների հետ, որոնք Բաքուն որակել է որպես սադրիչ, վիրավորական և սպառնալից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել օգոստոսի 13-ին «Чистота понимания» նախագծի շրջանակներում հեռարձակված հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։

Նախարարությունը հիշատակել է նաև օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ հնչած հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքով հրապարակված նյութերը։

Ադրբեջանական կողմն անընդունելի է որակել երկրի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդի և երկրի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերը։

Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ նման հռետորաբանությունը շարունակվում է էլ ավելի կոշտ ձևով՝ չնայած ադրբեջանական կողմի՝ այն դադարեցնելու բազմակի կոչերին և տարբեր քաղաքական մակարդակներում հարցի քննարկումներին։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին կրկին փոխանցվել է Բաքվի ակնկալիքը՝ անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տիրույթում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալից և բռնության կոչեր պարունակող հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։ 

Հայերեն