ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտիի հետ քննարկել է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների արտադրանքը Ռուսաստան մատակարարելու և ՌԴ տարածքով այլ երկրներ տարանցելու ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։