Նարեկ Կարապետյանը կարևորում է խորհրդարանում գաղափարների, ոչ թե վիրավորանքների պայքարը
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեմ է Ազգային ժողովն անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն՝ ընդգծելով, որ հանրության մոտեցումների փոփոխությանը պետք է նպաստի գաղափարների և կարծիքների պայքարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խմբակցությունը շարունակելո՞ւ է առաջիկա տարիներին աշխատել կիրթ և կառուցողական ոճով, թե՞ կփոխի իր մոտեցումը՝ հաշվի առնելով արմատական ընդդիմադիր կեցվածքի վերաբերյալ հանրային պահանջները։
«Ես խորապես դեմ եմ Ազգային ժողովն անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն և կարծում եմ, որ ժողովրդի մոտեցումների փոփոխությանը բերելու է կարծիքների պայքարը, այլ ոչ թե վիրավորանքների պայքարը»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանում արձանագրված առանձին լարված միջադեպերը հաճելի չեն, սակայն իններորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի ընթացքում դրանք համեմատաբար քիչ են եղել։
«Ինձ համար էլ հաճելի չէ, երբ երբեմն նման բաներ են տեղի ունենում։ Բոլորն ասում են, որ այս Ազգային ժողովում դրանք ամենաքիչն են եղել։ Կարծում եմ՝ հետագայում էլ տեղի չեն ունենա»,- նշել է խմբակցության ղեկավարը։
Կարապետյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերը պետք է հասարակությանը ներկայացնեն իրենց գաղափարական տարբերությունները և հնարավորություն տան քաղաքացիներին ընտրություն կատարել տարբեր ծրագրերի միջև։
«Մենք պետք է ցույց տանք գաղափարների հակադրությունը, իսկ մարդիկ ընտրեն։ Վստահ ենք, որ մեր գաղափարները զարգացում են բերելու երկրին և 600 հազար մարդու դուրս են բերելու աղքատությունից»,- ասել է Նարեկ Կարապետյանը։