Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին

5 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։ Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով։

«Եվ այժմ, հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է շարունակենք աշխատանքը՝ առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարն Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության մեջ և հավելել, որ այն շատ կարևոր է  հրապարակային քաղաքական գործչի համար:  

Վարչապետը հիշեցրել է, որ Լիլիթ Մակունցը 2018 թվականին եղել է Կառավարության անդամ, զբաղեցրել Մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, այնուհետև՝ Վարչապետի գլխավոր խորհրդական։

«Տիկին Մակունցը հիմա էլ պետք է ղեկավարի ՀՀ վարչապետի աշխատակազմը, և ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները,  ինչպես նախորդ կարգավիճակում, այժմ էլ իրենց շատ էական և տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում»,– ասել է վարչապետը։

Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների և համատեղ աշխատանքի ու աջակցության համար։

«Այս տարիների ընթացքում անձամբ ես և աշխատակազմն ամեն ինչ արել ենք, որպեսզի առավել հեշտացնենք վարչապետի աշխատանքը և առաջ տանենք այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ։ Կարծում եմ, որ աշխատակազմում ունենք բավականին լավ համակարգ, և դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքված մեր գործընկերներին, յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել այդ գործում։ Վստահ եմ, որ կապահովեն շարունակականությունը։ Մենք անցումային փուլն իրականացրել ենք, և տիկին Մակունցն այս պահին լավ տեղեկացված է գործընթացներից, որոնք տեղի են ունենում, և ես պատրաստ եմ շարունակել աջակցել»,– նշել է Արայիկ Հարությունյանը։

Իր հերթին Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ վարչապետի ակնկալիքներն արդարացնելու համար։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Հարությունյանին՝ այս կարգավիճակում իր հաջորդողների համար շատ բարձր նշաձող սահմանելու և այս անցումային փուլում ցուցաբերած աջակցության համար։ Ձեզ լավագույնն եմ մաղթում, նոր հաջողություններ։ Համոզված եմ, որ ցանկացած կարգավիճակում Դուք անգերազանցելի դեր եք ստանձնելու»,– ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը։

Միաժամանակ, Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ հետագա աշխատանքը կլինի կառուցողական և արդյունավետ։  

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում, այն մեծ օրակարգի մեջ է, որն ունեցել են։

«Այդ մեծ օրակարգը ես ձևակերպում եմ՝ որպես Հայաստանի պետականության հարատևության օրակարգ, բայց, իհարկե, առաջիկա հինգ տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ և իր հետ բերում նոր մարտահրավերներ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք նկատել և իրացնել հնարավորությունները և կառավարել մարտահրավերները։ Մենք արդեն փորձառու իշխանություն ենք։ Եվ սա իր հետ բերում է և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Առավելությունն այն է, որ կուտակված փորձը, իհարկե, ռեսուրս է, որը պետք է կարողանանք կիրառել: Իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել, և պետք է ամեն ինչ անել՝ այդ թմրածությունից խուսափելու համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կկարողանանք անել, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների աջակցությամբ և անընդհատ վերանայելով մեր աշխատանքը»,– ասել է երկրի ղեկավարը։

Հայերեն English Español Français

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից