Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու ուղիները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը։
«Գահաժառանգ արքայազնն ընդգծեց լարվածությունը թուլացնելու նպատակով երկխոսությանը առաջնահերթություն տալու, ինչպես նաև իրավիճակը կայունացնելու ուղղությամբ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու կարևորությունը», - նշում է գործակալությունը։
Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը հավաստիացրել է, որ դա պայմաններ կստեղծի դիվանագիտական կարգավորման համար, որը կնպաստի տարածաշրջանային անվտանգության պահպանմանը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված լայնածավալ հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել էին Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերը պայմանավորվել էին ապագա համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ։
Այն պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը։