ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մարտինսին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հաջողություններ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում ներկայության ընդլայնման և նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին: