Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի պատճառներն ավելի խորն են, քան մենք սովոր ենք պատկերացնել․ ՀՀ վարչապետ
2 րոպեի ընթերցում

Բանակում տեղի ունեցող բացասական երևույթների զգալի մասի ծագումնաբանությունը կապված չէ բացառապես զինված ուժերի հետ, և խնդրի լուծումը պահանջում է հանրության սոցիալ-հոգեբանական փոփոխություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերին։
«Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև առիթ ունեցել եմ ասելու՝ բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապված չէ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սպայական կազմը ևս իր պատասխանատվությունն ունի, սակայն յուրաքանչյուր դեպք պետք է քննվի առանձին։
«Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի։ Ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Դա, իհարկե, խնդիր է, որը պետք է լուծենք»,- նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը շարունակում է պահպանվել՝ անկախ պաշտոնյաների և անգամ իշխանությունների փոփոխությունից։
«Ցավոք սրտի, նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ։ Դա նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովոր ենք այդ խնդիրների հետ առնչվելիս պատկերացնել»,- ասաց վարչապետը։