Իրավունք

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

2 րոպեի ընթերցում

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանությունը կատարածները ձերբակալվել են։ 

«Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով՝ նրանք դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում