Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի նահանգում վերջին մի քանի օրվա ընթացքում հեղեղումների զոհ է դարձել ավելի քան 40 մարդ։ Տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 650 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
«Մեկ օրում հեղեղման պատճառով զոհվել է տասը մարդ, ինչի հետևանքով այս տարի տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի», - նշել է վարչությունը:
Ընդամենը 11 շրջանում տուժել է ավելի քան 653 100 մարդ։
«Բոլոր ծառայություններն աշխատում են տեղերում ՝ արձագանքելով աննախադեպ հեղեղային իրավիճակին, որն առաջացել է տեղատարափ անձրևների հետևանքով: Բնակչությանը բաժանվում է սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք և հիգիենայի պարագաներ, իսկ տուժած շրջաններում շարունակվում են փրկարարական գործողությունները», - հայտնել է նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը։
Հնդկաստանի օդերևութաբանական գերատեսչությունը նախազգուշացում է հայտարարել առաջիկա չորս օրվա համար՝ կանխատեսվող ամպրոպների, կայծակների և սաստիկ անձրևների պատճառով։ Հաղորդվում է, որ ջրի մակարդակը տարածաշրջանի շատ գետերում գերազանցել է վտանգավոր նշագիծը: