Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. 48 բնակարան կտրամադրվի քանդված շենքերի բնակիչներին
1 րոպեի ընթերցում
Կառավարությունը հավանություն է տվել Արարատ քաղաքում երկու բազմաբնակարան շենքի կառուցման՝ ավելի քան 3 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 23-ի նիստում։
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը մինչև 2030 թվականը Ս․ Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում կկառուցի ընդհանուր առմամբ 198 բնակարան։ Դրանցից շուրջ 68 քառակուսի մետր մակերեսով 48 բնակարան անհատույց կփոխանցվի Արարատ համայնքին՝ նախկինում քանդված շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար։
Համայնքին կտրամադրվի նաև շուրջ 686 քառակուսի մետր հասարակական տարածք՝ գրադարան հիմնելու նպատակով։ Մնացած 150 բնակարանը ընկերությունը կկարողանա վաճառել։
Ծրագրի իրականացման համար համայնքը ընկերությանը նվիրաբերությամբ կտրամադրի ընդհանուր 0,36 հեկտարից ավելի երկու հողամաս։ Այնտեղ գտնվող անավարտ ու շահագործման համար ոչ պիտանի շինությունները կքանդվեն։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 50 աշխատատեղ և պետական բյուջե ապահովել մոտ 1 միլիարդ դրամի հարկային եկամուտ։
Պայմանները չկատարելու, ինչպես նաև հողամասերը հինգ տարվա ընթացքում նպատակային չօգտագործելու դեպքում գույքը առանց փոխհատուցման կվերադարձվի համայնքին։