Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու և դրանից պատրաստված թմրամիջոց պահելու մի շարք դեպքեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուլիսի 15-ին Չարենցավանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։
Վաղարշապատի բաժնի ծառայողները Մերձավան գյուղի 44-ամյա բնակչի տան բակում և հարակից տարածքում հայտնաբերել են կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։
Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակչի տան բակում հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածով երեք փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտիրոջ խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել էր իր աճեցրած կանեփից։

Կումայրիի բաժնի ծառայողների ստացած տեղեկության հիման վրա Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է կանեփի 71 բույս։ Տան 38-ամյա բնակիչը ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հայտնել է, որ ստացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասում հայտնաբերել են կանեփի 12 բույս։

Բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում է նախաքննություն։