Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
1 րոպեի ընթերցում

Սևծովյան ռազմավարության իրականացման հարցում Սև ծովի շուրջ գտնվող երկրները կարևոր դեր ունեն, սակայն Վրաստանի դեպքում Եվրամիությունը դժվարություններ ունի կառավարության հետ կապերի հարցում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Սևծովյան ռազմավարությունը գործում է նախորդ տարվանից, և այժմ դրա իրականացման փուլն է։
«Մենք նաև դժվարություններ ունենք Վրաստանի հետ, քանի որ իրականում կապեր չունենք կառավարության հետ։ Մենք չենք ցանկանում աջակցել կառավարությանը, ցանկանում ենք աջակցել Վրաստանի ժողովրդին»,- ասել է Կալասը։
Նա նշել է, որ քննարկումներ են անցկացվել այն մասին, թե ինչպես կարելի է դա լավագույնս անել, որպեսզի մարդիկ հույսը չկորցնեն Եվրոպայի նկատմամբ։