Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
3 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է բարձրացնել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժներին տարակարգի համար տրվող հավելավճարների չափերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում, որով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և հավելավճարների տրամադրման կարգերը։
Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական կրթության ոլորտում տարակարգի շնորհման եռաստիճան համակարգը մեկնարկել է 2023 թվականից, սակայն գործող հավելավճարների չափերը բավարար խթան չեն ապահովել մանկավարժների համար։
2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ հանրապետության համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կազմից առաջին աստիճանի տարակարգ է ստացել 129 մանկավարժ, երկրորդ աստիճանի տարակարգ՝ 5 մանկավարժ։
«Դիմելիության ցածր ցուցանիշը վկայում է գործող խրախուսման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության մասին»,- նշված է հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար տարակարգ ստացած մանկավարժին կտրամադրվի հավելավճար՝ առաջին աստիճանի դեպքում՝ 80 հազար 600 դրամ, երկրորդ աստիճանի դեպքում՝ 111 հազար 500 դրամ, երրորդ աստիճանի դեպքում՝ 138 հազար 300 դրամ։
Նախատեսվում է նաև, որ ոչ պետական ուսումնական հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողը կարող է դիմել տարակարգի համար՝ հիմնադրի գրավոր համաձայնությամբ։ Այդ դեպքում հավելավճարը կտրամադրվի հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
Նախագծով հստակեցվում են նաև տարակարգի համար ներկայացվող փաստաթղթերին և ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմանը վերաբերող պահանջները։
Միաժամանակ առաջարկվում է վերանայել տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կազմը՝ անդամների թիվը 11-ից դարձնելով 9։
Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել նախադպրոցական կրթության համակարգի գրավչությունը, խթանել մանկավարժների դիմելիությունը և ապահովել նրանց վարձատրության շոշափելի աճը։