Եվրոպա

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանելով ինը ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ՝ ԵՄ անդամ երկրների տարածքում գտնվող թիրախների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը «տարիներ շարունակ իրականացրել է վնասակար կիբերգործողությունների լայն շրջանակ, որոնք ազդել են ԵՄ-ի, նրա անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Ուկրաինայի վրա»։

«Այդ գործողությունները ներառել են պետական ցանցերի ներթափանցում և կարևոր ենթակառուցվածքների դեմ դիվերսիաներ։ Թիրախների թվում են եղել, ի թիվս այլոց, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Կիպրոսը, Նիդերլանդները, Ավստրիան, Սլովակիան, Ռումինիան և Ֆինլանդիան»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, որի թիրախում են հայտնվել հանրային ծառայությունները և կարևոր ենթակառուցվածքներ։

«Այդ գործողություններին ի պատասխան՝ ԵՄ-ն նաև սահմանափակող միջոցներ է կիրառում ինը անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ։ ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցներ, ինչպես նաև կիբերհանցագործներ, ինքնահռչակ հաքերային ակտիվիստներ և մասնավոր ընկերություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի՝ ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և միջազգային գործընկերներին ապակայունացնելու ջանքերին»,-  ասվում է հայտարարության մեջ։

Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և նշված անձանց ու կազմակերպությունների բանկային ակտիվների սառեցում։

Նշենք, որ Ռուսաստանը պաշտոնապես հերքում է մասնակցությունը Եվրոպայի տարածքում իրականացված կիբերհարձակումներին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում