ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. Թեհրանից հայտարարել են Հորմուզի նեղուցը փակելու մասին

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը փոխանակվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր հարվածներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, հուլիսի 12-ին Թեհրանը թիրախավորել է Պարսից ծոցի մի շարք պետություններում տեղակայված ամերիկյան օբյեկտները և հայտարարել, որ կրկին փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

Մասնավորապես, իրանական կողմը հարվածներ է հասցրել Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի, Օմանի ու անգամ ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի դեր կատարող Կատարի տարածքում ամերիկյան ենթակառուցվածքներին։ Կատարի իշխանությունները հայտնել են, որ ոչնչացված հրթիռների բեկորներից երեք մարդ է վիրավորվել։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հուլիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են նոր հարվածներ հասցնել Իրանին՝ «շարունակելու թուլացնել քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող առևտրային նավերի վրա նրա հարձակվելու կարողությունը»։  X-ում արված գրառման մեջ հրամանատարությունից հայտնել են, որ «առաջին անգամ օգտագործել են հարվածային ծովային անօդաչու սարքեր»։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը CNN-ին հայտնել է, որ ամերիկյան օդուժը խոցել է իրանական թևավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք։

Reuters-ին տված կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հանգստյան օրերին Իրանի դեմ իրականացված հարվածներին, ասել է. «Մենք նրանց ծանր հարվածներ ենք հասցնում»։

Իրանական լրատվամիջոցները կիրակի հայտնել են, որ հրթիռային հարվածներ և պայթյուններ են գրանցվել Սիրիք և Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքների, ինչպես նաև մոտակայքում գտնվող Քեշմ կղզու շրջանում։ Պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ամերիկյան հարվածների հետևանքով երկրի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգում մեկ մարդ մահացել է։

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի՝ հանգստյան օրերին իրականացրած «ագրեսիվ» հարձակումները։

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հրադադարը համարում է ավարտված՝ չբացառելով հետագա բանակցությունների հնարավորությունը։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի X սոցիալական հարթակում գրել է. «Միակողմանի գործարքների ժամանակաշրջանն ավարտված է։ Մենք ձեզ ասել էինք՝ կա՛մ պահեք ձեր խոսքը, կա՛մ վճարեք դրա գինը։ Իրականությունը թակում է ձեր դուռը»։

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար