Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

3 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցություններ խնդրելու մասին տեղեկությունը, սակայն հաստատել է, որ Կատարի միջնորդը Մաշհադ է այցելել՝ հրադադարի հուշագրի կատարման ընթացքը քննարկելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

Իրանական պետական հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բաղային նշել է, որ Կատարի միջնորդի այցը տեղի է ունեցել միջնորդ կողմի նախաձեռնությամբ, այլ ոչ թե Թեհրանի խնդրանքով։

«Մենք Ամերիկայի հետ բանակցություններ չենք խնդրել, սակայն մեր սովորական պատասխանատու մոտեցման հիման վրա չենք մերժել տարածաշրջանային միջնորդի՝ Իրան այցելելու խնդրանքը»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բաղային հայտարարել է, որ Իրանը Կատարի կողմին ներկայացրել է իր դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պարբերաբար խախտել է հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը՝ նոր ռազմական հարվածների, պատժամիջոցների և Իրանի նավթի վաճառքի լիցենզիայի չեղարկման միջոցով։

Իրանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ հուշագիրը ստորագրելուց ընդամենը 22 օր անց ԱՄՆ-ը բազմիցս խախտել է դրա դրույթները։ Նա նշել է, որ Իրանը առաջնորդվելու է «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքով։

«Մենք որևէ պարտավորություն չենք իրականացնի առանց փոխադարձ քայլի։ Եթե մյուս կողմը խախտի իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է Բաղային։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նիստին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պահանջով՝ 2231 բանաձևի հիման վրա։ Բաղային ընդգծել է, որ այդ բանաձևի գործողության ժամկետն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։

Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են եղել նիստի անցկացմանը, իսկ քննարկումը որևէ արդյունք չի տվել։

Բաղային նաև մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի պահանջները ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտներ՝ նշելով, որ միջազգային կառույցները ժամանակին չեն դատապարտել այդ հարվածները։

Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը կմեկնի Օման՝ շարունակելու Հորմուզի նեղուցում անվտանգ ծովային տարանցման շուրջ խորհրդակցությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել էր, թե Իրանը ԱՄՆ-ին խնդրել է վերսկսել բանակցությունները, ինչին ինքը համաձայնություն է տվել, սակայն նաև շեշտել է, որԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն ավարտված է։

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres