Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր
2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք։Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Ախուրյանի բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը՝ ժամը 22․30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։

27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ՝ 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթոցիչ։Նախաքննությունը շարունակվում է:
***
Նույն օրը համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած մանրացրած և չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
***
Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է բաժին։
Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12 թուփ է աճեցրել։
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում, նույն օրը կատարված զննությամբ, նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը։ Կատարվում է նախաքննություն։